«Ազատության» հետ զրույցում նրանցից շատերն ասում էին, որ մասնակցել են համաժողովրդական շարժմանը՝ հավատալով, որ 10 տարի առաջ մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում հայտնված վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինելու այն մարդը, որ կբացի նորանկախ Հայաստանի պատմության այս մութ էջը:
Հիշեցնենք, իր խոսքում Փաշինյանը բազմիցս նշել էր՝ վարչապետ դառնալու դեպքում ամեն ինչ կանի, որ Մարտի 1-ը բացահայտվի:
«Հույսի դուռը բացվեց», - 10 զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի ծնողներ Սարգիս ու Ազատուհի Քլոյաններն էին ասում:
«Որովհետև մենք ներկայիս վարչապետ պարոն Փաշինյանի հետ տասը տարի անցել ենք էս ճանապարհը: Եվ մենք պայքարել ենք հանուն Հայաստանի ազատագրման էս բռնապետությունից», - հավելեց Սարգիս Քլոյանը:
Նրա կինը շարունակեց․ - «Այս տասը տարիների ընթացքում արցունքն իմ աչքերին ես միշտ երազել եմ էս օրվա համար: Մտածում էի, որ ես կմեռնեմ-կգնամ, բայց չեմ տեսնի էս արդարությունը: Բայց փառք Աստծու, եղավ էն պահը, որ ես կտեսնեմ ոնց պատժվեցին իմ էրեխուն սպանողները»:
Մարտի 1-ին զոհված երիտասարդների՝ Սամվելի և Արմենի հայրերը՝ Էդիկ Հարությունյանն ու Վաչագան Ֆարմանյանը, զոհերից նաև Հովհաննես Հովհաննիսյանի կինը՝ Լիլյա Մինասյանը համաձայն են Քլոյանների հետ․ Հանրապետական կուսակցության իշխանության օրոք Մարտի 1-ի գործը երբեք չէր բացահայտվի: Նրանք պնդում են, որ առաջին հերթին այս գործով անհրաժեշտ է հարցաքննել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Էդիկ Հարությունյան․ - «Անգամ Հանրապետական կուսակցություն որոշ պատգամավորներ մեզ ասում էին՝ մինչև էս իշխանությունը դուրս չգա, Մարտի 1-ը չի բացահայտվելու»:
Վաչագան Ֆարմանյան․ - «Գործը պիտի բացահայտվի իշխանափոխությունից հետո: Նախկին իշխանությունը երբեք չէր բացահայտի էդ գործը․․․ Մենք ասում էինք՝ նրանք գիտեն, որ իշխանափոխություն չի լինելու, ու սրանով վերջանալու ա ամեն ինչ: Հրաման տվողին պիտի բերեն դաշտ»:
Լիլյա Մինասյան․ - «Թե՛ Սերժը, թե՛ Քոչարյանը պետք ա պատասխան տան ամեն մի կաթիլ արյան համար: Մեր միակ պահքարը հիմա դա ա, որ եթե հասել ենք սրան, ուրեմն պետք ա հասնենք արյան պատասխանին»:
«Հեղափոխության համար պատվանդան դարձան մեր զավակները, մեր սիրելիները, մեր հարազետները», - ասում էին զոհվածների ազգականները՝ ընդգծելով, որ հեղափոխության հիմքում կանգնած երիտասարդները ապացուցեցին, որ այլևս ոչ ոք չի կարող Մարտի 1-ով ժողովրդին վախեցնել․ - «Եթե վախենային, դուրս չէին գա: Նույն մեր որդիների շարունակությունն ա»:
«Ես գնալու եմ տղիս շիրիմին և ասեմ՝ տղա ջան, քո երազած Հայաստանը գալիս է, մենք հաղթել ենք, հաղթել եք դուք, որովհետև եթե չլինեին Մարտի 1-ի զոհերը, միգուցե էս իշխանափոխությունը չլիներ: Մարտի 1-ի զոհերի պատվանդանի հիմքի վրա ստացվեց այս հեղափոխությունը»:
Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից տասը տարի անցել է, սակայն տասը անձանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել: