Սարիթաղիները հույս ունեն, որ իշխանափոխությունից հետո իրենց ազատազրկված 10 հարազատներին ազատ կարձակեն

Բախումներ սարիթաղցիների և ոստիկանների միջև, 19-ը հուլիսի, 2018թ․

Սարի թաղի գործով 10 ամբաստանյալներից 6-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պատրաստվում է առաջիկայում դատարանին միջնորդություն ներկայացնել կալանքն այլևս որպես խափանման միջոց չկիրառելու մասին:

Սարիթաղցիների հարազատները հույս ունեն, որ իշխանափոխությունից հետո ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվող 10 ամբաստանյալներին դատարանը կարդարացնի։

«Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին՝ 2016թ․ հուլիսի 19-ին, Սարի թաղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրանք առաջադրվեց 10 քաղաքացու։ Հանցագործությունն ապացուցվելու դեպքում ամբաստանյալներին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում։ Դատավարությունը դեռ ընթացքի մեջ է։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը պնդում է, որ գործի քննությունը միտումնավոր ձգձգվում է, լավագույն դեպքում ամսվա ընթացքում մեկ նիստ է կայանում։ Ըստ փաստաբանի, հարցաքննել են բոլոր տուժածներին և վկաների մեծ մասին, որոնք ոստիկանության աշխատակիցներ են, ու որևէ մեկը կոնկրետ ամբաստանյալի դեմ ցուցմունք չի տվել։

«Մեղադրանքի ձևակերպումը իր մեջ չի պարունակում որևէ կոնկրետություն, թե՝ կոնկրետ ով ինչ գործողություն է կատարել: Երբ որ մեղադրանքը առաջադրվել է և կոնկրետ չէր, այսինքն նախաքննական մարմինը չուներ հստակ ձևակերպում, մեղադրանք ընդհանրապես չպետք է առաջադրվեր», - ասում է փաստաբանը:

Ամբաստանյալներից Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, համոզված է, որ Սաի թաղի ձերբակալությունները այլախոհներին լռեցնելու՝ իշխանության ծրագիրն էր։ Ասում է՝ 2016-ի հուլիսին շրջափակման մեջ գտնվող թաղամասի բնակիչները դուրս էին եկել փողոց սոցիալական խնդիրներ բարձրացնելու համար, և «Սասնա ծռերին» միանալու կամ ոստիկաններին վնասելու մտադրություն չի եղել։ - «Իրենք ընդհանրապես չպետք է կալանավորվեին», - պնդում է Թորոս Թորոսյանը:

Ամբաստանյալներից Էդուարդ Զեյթունյանի 8-ամյա աղջիկը չի հիշում, թե վերջին անգամ երբ է հորը տեսել։ Մայրն ասում է՝ աշխատում է իր հետ չտանել տեսակցությունների՝ երեխան սթրեսի է ենթարկվում։

«Ստեղ կանգնած էր՝ ավտոյի վրա էր հենված, էկան իրան տարան», - հոր ձերբակալության պահն է հիշում Անուշիկը: - «Ինքը մեղավոր չի, որ տարան»:

8-ամյա աղջնակը համոզված է, որ հայրիկին ու մյուսներին մինչև մայիսի վերջ ազատ են արձակելու։

Սարի թաղի 10 ամբաստանյալներն անցնում են չորս տարբեր դատական գործերի շրջանակում։ Առաջիկա նիստը նախատեսված է մայիսի 15-ին։