ՀՀԿ-ն չի խոչընդոտի իր անդամներին մաս կազմել նոր կառավարությանը

Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Հանրապետական կուսակցությունը որևէ կերպ չի խանգարելու կառավարության աշխատանքին, այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Վահրամ Բաղդասարյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, մենք տեղյակ ենք, որ Դուք այսօր հանդիպել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպիսի՞ հարցեր են քննարկվել, և արդյո՞ք քննարկվել է նաև Հանրապետականի հնարավոր մասնակցությունը կառավարության ձևավորմանը, որը լինելու է համաձայնության կառավարություն։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հանրապետականը մաս կազմի այդ համաձայնության կառավարության։

Վահրամ Բաղդասարյան. - Մեր քննարկումը եղել է աշխատանքային, բնականաբար, մեր հայտարարությունում հնչեցված և իմ ելույթի ժամանակ հնչեցված ոգուն համապատասխան, որ որևէ կերպ մենք չենք խանգարելու մեր կառավարության աշխատանքին և, բնականաբար, մենք հնարավորինս պետք է նաև օժանդակենք այն բոլոր խնդիրներին, որոնք ես նշեցի ելույթի մեջ։ Բնականաբար նաև կառավարության ձևավորման շուրջ եղել է խոսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ թեկնածու ինքը չի առաջադրելու, որպեսզի համալրվի կառավարությունը, դա մենք ասել ենք մեր դիրքորոշման մեջ։

«Ազատություն». - Այսինքն՝ բացառվում է, որ Հանրապետականը որևէ մասնակցություն ունենա։

Վահրամ Բաղդասարյան. - Ոչ, մենք որևէ մեկին, որևէ ձևով, որևէ նման տիպի խոչընդոտ չենք հանդիսացել։ Դա վարչապետի լիազորությունների մեջ է, ինքը կզրուցի բոլոր այն մարդկանց հետ՝ կառավարության անդամների, եթե կլինեն նման ցանկություններ, դա արդեն այլ խնդիր է, եթե ինքը՝ վարչապետը կզգա, որ կան մարդիկ, որոնք պետք են մեր երկրի հետագա զարգացմանը, կա անհրաժեշտություն, և կլինի փոխադարձ համաձայնություն, մենք արդեն դրանց շուրջ քննարկում կկազմակերպենք, բայց որևէ խոչընդոտ չենք հադիսանա։

«Ազատություն». - Այսինքն, եթե ձեր գործող նախարարներից վերանշանակվեն իրենց պաշտոններում, կամ շարունակեն այլ պաշտոններում, դուք դեմ չե՞ք արտահայտվելու դրան։

Վահրամ Բաղդասարյան. - Բացարձակապես, մենք ընդհակառակը շատ փիլիսոփայորեն կմոտենանք այդ խնդրին, եթե կլինեն կուսակցականներ, նրանք ժամանակավորապես կկասեցնեն իրենց կուսակցական պատկանելիությունը, որևէ հեռացում, որևէ խոչընդոտ մենք որևէ մեկին չենք հանդիսանալու։

«Ազատություն». - Բայց նրանք պետք է դադարեցնե՞ն իրենց կուսակցական պատկանելիությունը։

Վահրամ Բաղդասարյան. - Բնականաբար՝ կասեցնել, առայժմ մենք էդ քննարկումը կանենք, եթե լինեն նման առաջարկություններ, մենք դրա մասին կխոսենք։

«Ազատություն». - Դուք կոնկրետ թեկնածուներ չեք առաջադրի։

Վահրամ Բաղդասարյան. - Ո՛չ, մենք թեկնածուներ չենք առաջադրի և որևէ մեկին խոչընդոտ չենք հանդիսանա, որպեսզի վարչապետն ավելի ազատ լինի իր ընտրության մեջ, որպեսզի կարողանա ձևավորի այնպիսի կառավարություն, որը կարող է օգտակար լինել մեր երկրի զարգացմանը։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ նաև որևէ պատասխանատվություն հանրապետականը չի կրի կառավարության գործունեության համար։

Վահրամ Բաղդասարյան. - Բնականաբար, քանի որ ես արդեն նաև ելույթի ժամանակ հայտարարել եմ, մենք որևէ պատասխանատվություն չենք վերցնում, բայց որևէ խոչընդոտ չենք հանդիսանալու, որովհետև կան մտահոգություններ, և այդ մտահոգություններն աշխատանքի ընթացքում վարչապետն ինքը կարող է փարատել։

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, ձեր այդ կառուցողական մոտեցումը կդրսևորվի նաև կառավարության գործունեությա՞ն ընթացքում, բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կառավարության կողմից կբերվեն խորհրդարան, կլինի՞ այդ կառուցողական մոտեցումը։

Վահրամ Բաղդասարյան. - Միանշանակ այդպես պետք է լինի, որովհետև այդ մասին ես հայտարարել եմ, և նաև այդ կապակցությամբ ես արդեն՝ և՛ ֆրակցիային, և՛ առանձին խորհրդակցություններ, որպեսզի հորդորեմ մեր պատգամավորներն, մեր հանձնաժողովների ղեկավարներին, որ մեր աշխատանքը պետք է լինի միայն այդ ոճով, և Դուք դրա ընթացքը կտեսնեք։

«Ազատություն». - Եվ նաև դա կդրսևորվի ծրագրի ժամանակ, երբ որ Փաշինյանը ծրագիր ներկայացնի։

Վահրամ Բաղդասարյան. - Առավել ևս ծրագրի ժամանակ, և մենք սպասում ենք ծրագրի ներկայացմանը, մենք ժամանակ ունեք, դա պետք է լուրջ քննարկման առարկա դարձնենք և մեր կարծիքը կհայտնենք։

«Ազատություն». - Բայց ամեն դեպքում կողմ կքվեարկի՞ Հանրապետականը, այնպես չի անի, որ տապալվի ծրագրի ընդունումը։

Վահրամ Բաղդասարյան. - Տեսեք, ծրագիրը դեռ չեկած, մենք արդեն սկսում ենք։ Բա որ հանկարծ բերվի մի ծրագիր, որն ընդհանրապես միտում ունի... իհարկե չեմ կարծում, որ այսօրվա ընտրված վարչապետը կարող է նման ծրագիր բերել, այնպիսի դրույթներ բերել, որ մենք պարզապես ստիպված լինենք դեմ քվեարկելու, դրա համար ծրագիրը կգա, մենք կքննարկենք։ Այն ելույթը, որն ունեցավ ինքն Ազգային ժողովում, եթե այդ ոգով բերվի ծրագիրը, բնականաբար մենք այդ ծրագիրը կքննարկենք և այդտեղ բավականին բաներ կան, որ հեռանկարային են։

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, տեղյակ եք, որ արդեն իսկ Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին ազատելու առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը նախագահին, ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

Վահրամ Բաղդասարյան. - Վարչապետն ինքը պետք է որոշի, թե ում հետ է նպատակահարմար գտնում աշխատելու, շատ նորմալ։

«Ազատություն». - Ձեզ հետ քննարկվե՞լ է, թե ովքեր են նրանց փոխարինելու։

Վահրամ Բաղդասարյան. - Ոչ, ես այդքան էլ ճիշտն ասած, չէի կարծում և չէի սպասում, որ կարող է նման քննարկում լինի։ Նույնիսկ ինձ թույլ չեմ տվել նման հարց բարձրացնել։