Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են: Սահակ Մինասյանը, սակայն, հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և դա կանի միայն հիմնավոր փաստարկների առկայության պարագայում:
Այսօր բողոքի ակցիայի մասնակիցներին միացել էր նաև կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով հայտարարեց, որ Սահակ Մինասյանը պետք է հեռացվի ու պատասխանատվության ենթարկվի ամիսներ շարունակ բարձրաձայնվող չարաշահումների համար: Բախշյանը դիմեց նաև բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին՝ պահանջելով, որ նա խորհրդի նիստ գումարի և անհապաղ հեռացնի Սահակ Մինասյանին:
«Գոնե ինքն արագ կողմնորոշվի, էսօր գա կառավարման խորհուրդ հրավիրի և ասի՝ ժողովուրդ, մենք ունենք այս լիազորությունը, կայացնում ենք որոշում, էլ չենք գոռա՝ հրաժարական տուր: Ինչու՞ հրաժարական տա, պետք է հեռացնել, Ցոլակյանը միանշանակ պետք է հեռացվի»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:
Ավելի ուշ նա հեռախոսազրույց ունեցավ Ցոլակյանի հետ, ապա տեղեկացրեց․ «Ինքը վաղն առավոտյան անելու է հայտարարություն: Թե ի՞նչ կլինի այդ հայտարարության մեջ, մենք վաղը կիմանանք»:
Շիրակի պետական համալսարանի 64 դասախոսներ բաց նամակով դիմել են վաչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ավելորդ է շրջանցել կամ արհամարհել օրենքով սահմանված կարգը՝ դիմելով ինքնիրավչության, խաթարել համալսարանի բնականոն աշխատանքն այն պարագայում, երբ վերջին 2 տարիների ընթացքում բուհում ավելի քան 10 ստուգում է իրականացվել: Պահանջում ենք տուրք չտալ ամբոխավարությանը՝ հարցը կարգավորելով իրավական դաշտում»,- ասված է նրանց հայտարարությունում:
Անահիտ Բախշյանն այսօր դիմեց նաև գլխավոր դատախազին, որպեսզի, իր բնութագրմամբ՝ Դավթյանը դադարեցնի ընտրովի մոտեցում ցուցաբերել և 7 ամիս շարունակ հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցվի: «Շատ արագ հանձնարարում եք Շիրակի համապատասխան իրավապահ մարմիններին՝ արագորեն ընթացք տալ այսօր և նախօրդ օրերին հնչած՝ կոռուպցիայի մասին բոլոր հայտարարություններին»,- դեմելով դատախազին, ասաց Բախշյանը:
Բուհն, ի դեպ, դադարեցրել է նաև անդամակցությունը Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, քանի որ այդ միության նախագահ Գագիկ Վաղարշակյանը ևս պահանջում է Մինասյանի հրաժարականը: Այսօր նա նույնպես Գյումրիում էր, միացել էր ռեկտորի հրաժարականը պահանջողներին: «Պարզապես ռեկտոր Սահակը չի կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ չի կարելի լինել ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար ու միևնույն ժամանակ ղեկավարել բուհը»,- հայտարարեց Գագիկ Վաղարշակյանը:
Բուհի նախկին ռեկտոր, այժմ խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը, իր խոսքում անդրադառնալով բուհի կադրերին, հիշատակեց նրանց, ում ինքն է աշխատանքի ընդունել․ վերջիններս, սակայն, այժմ պաշտպանում են գործող ռեկտորին: Երբ Գրիգորյանը նրանցից մեկի՝ բուհի ներկայիս դասախոսներից Ազատ Մաթևոսյանի անունը հնչեցրեց, վերջինս մոտեցավ արձագանքելու, սակայն ցուցարարները թույլ չտվեցին:
Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր մուտք գործեցին բուհի տարածք, սակայն ռեկտորի հետ հանդիպել նրանց չհաջողվեց, քանի որ, ըստ պրոռեկտորի, Մինասյանին առավոտյան Երևան են կանչել: