Փայլանն ու Դողանը շնորհավորել են հայ ժողովրդին և շարժման առաջնորդներին

Գարո Փայլան, արխիվ

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորները շնորհավորանքներ են հղել Հայաստանում համաժողովրդական շարժման հաղթանակի առիթով:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Գարո Փայլանը Թվիթերում հետևյալ գրառումն է արել. - «Հայաստանի ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար իր պայքարում: Շնորհավորում եմ: Հերթը մերն է»:

Սելինա Դողան, արխիվ

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկայացնող հայազգի պատգամավոր Սելինա Դողանն էլ իր թվիթերյան էջում գրել է. - «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կգրվեն ժողովրդավարության համաշխարհային պատմության էջերում: Փոփոխությունների և ժողովրդավարության պահանջին ոչ մի ուժ չի կարող դիմակայել: Շնորհավորում եմ այս պահանջի համար պայքարի առաջնորդների և ժողովրդի հաղթանակը»։

Դողանն օգտագործել է «Կեցցե՛ Հայաստան» հաշթեգը:

Ավելի վաղ, Սելինա Դողանն արձագանքել էր նաև Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին:

«Երիտասարդների, մայրերի, հոգևորականների, մտավորականների, աշխատավորների խաղաղ ու գեղեցիկ դիմադրությունից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Այո, հնարավոր է նաև այլ իրականություն», - գրել էր Դողանը: