Պեկինը հարգելու է 2015-ի Իրանի հետ միջուկային պայմանագիրը

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժեն Շուան, արխիվ

Չինաստանը հայտարարել է, որ հավատարիմ է մնում 2015 թվականին վեց գերտերությունների և Իրանի միջև կնքված միջուկային պայմանագրին ու շարունակելու է գնել Իրանի արդյունահանած նավթի մոտ մեկ երրորդը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հաղորդել է միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանված ու պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Իսրայելը, Իրանի տարածաշրջանային ավանդական մրցակից Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ ողջունել են Թրամփի վճիռը, սակայն եվրոպական երկրները, Ռուսաստանը, Չինաստանը և միջազգային ասպարեզում մի շարք առանցքային այլ դերակատարներ քննադատել են Թրամփին և հայտարարել են, որ չեն հրաժարվի 2015 թվականի փաստաթղթից:

«Մենք ափսոսում ենք Վաշինգտոնի ընդունած որոշման կապակցությամբ», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժեն Շոանը, ավելացնելով, որ 2015 թվականի պայմանագիրը մեծ նշանակություն ունի միջուկային զենքի չտարածման համար:

Չինաստանի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Գոն Շաոշենը Թեհրանի պաշտոնյաներին հանդիպելուց հետո ասել է, որ 2015 թվականի պայմանագիրը շատ կարևոր փաստաթուղթ է:

«Ավելի լավ է որևէ գործարք լինի, քան ոչ մի բան ընդհանրապես չլինի, երկխոսությունն առճակատումից գերադասելի է», - ասել է բանագնացը:

Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին ասել է, որ 2015 թվականի գործարքը Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն:

Նա ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Իրանի միջուկային հարցով նոր՝ առավել հստակ, պարտավորեցնող և խիստ համաձայնագրի վրա, հավելելով, որ պայմանագրից դուրս գալն ուղղված է ոչ թե Իրանի ժողովրդի, այլ «ահաբեկիչներին ամենուր սատարող, տարածաշրջանն ապակայունացնող և զանգվածային զենք ստեղծելու նպատակ հետապնդող ռեժիմի դեմ»: