Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և վերջինիս շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության կայքը:
Կողմերը կարևորել են Եվրոպական միության և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունները, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի վարչապետին հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Բրյուսել:
Նրանք քննարկել են առաջիկայում կառավարություն ձևավորելու հետ կապված հետագա քայլերը և վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու հնարավորությունները: Զրուցակիցները նաև անդրադարձել են արտաքին քաղաքական առաջնահերթություններին, այդ թվում Ղարաբաղյան հակամարտությանը, որի խաղաղ հանգուցալուծումը, ինչպես վերահաստատել է ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատուն, Եվրոպական միության համար առաջնահերթություն է մնում: