«Շիրակը» բողոքարկելու է ՀՖՖ-ի որոշումը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արման Սահակյան

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Արման Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ակումբը պատրաստվում է ապացուցել, որ կապ չի ունեցել թիմի մարզչի կողմից «պայմանավորված խաղ» կազմակերպելու փորձի հետ, ինչի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ակումբին զրկել 12 միավորից:

«Մենք մինչև վերջ գնալու ենք՝ ապացուցելու համար ակումբի կապ չունենալը և մեղք չունենալը, և ամենագլխավորը, որ մարդիկ կարող է մի քիչ լավ ինֆորմացիային չեն տիրապետում, տպավորություն կա, որ որոշակի պայմանավորվածություն է եղել: Ոչ մի բան չի եղել: Եղել է ինչ-որ մարդու մոտ ցանկություն: Ընդամենը էդքան բան: Որևէ պայմանավորված խաղի մասին խոսք չկա: Եվ դրա համար ակումբին զրկել չեմպիոնությունից, կարծում եմ, խելամիտ չի՝ մեղմ ասած»․ - հավելեց Սահակյանը

Ֆուտբոլի ֆեդերացիան չորս օր առաջ հաղորդեց, որ ստացել է դիմում «Բանանց» ակումբից, ըստ որի թիմի ֆուտբոլիստներից մեկին «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը տրամադրել է հազար դոլար կանխավճար և չորս հազար դոլարի խոստում՝ մայիսի 5-ին կայանալիք խաղում «Շիրակի» հաղթանակին նպաստելու համար:

Չնայած, որ Գյումրին ներկայացնող ակումբը պնդում է, որ «պայմանավորված խաղ» կազմակերպելու փորձի մասին թիմի ղեկավարությունը տեղյակ չի եղել, այդուհանդերձ, ըստ ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշման, «գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրություններն ու սղագրությունները այլն են ապացուցում»:

Ֆեդերացիան ոչ միայն մարզչին է ցմահ հեռացրել ֆուտբոլից, այլ նաև ակումբն է տուգանել 7 միլիոն դրամով ու զրկել 12 միավորից, ինչը թիմին կզրկի առաջնությունում հաղթելու հնարավորությունից:

Շիրակի տնօրեն, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը նշում է՝ իրենց նույնիսկ նիստին չեն հրավիրել․ - «Մինչև հիմա ֆեդերացիան մեզ չի տրամադրել նյութերը: Բայց խոսք են տվել տրամադրել, որպեսզի մենք բողոքարկում անենք: Բայց հավատացնում եմ ձեզ, մեր իրավաբանական թիմը պատրաստ է հանգամանալից բողոքարկի, որովհետև իրականում ինչ-որ խոսակցություններ եղել են անձերի միջև, բայց որևէ պայմանավորվածություն չի եղել: «Շիրակի» բոլոր միավորները արդար և քրտինքով վաստակած են, և 12 միավորի որոշումը պրակտիկորեն չեմպիոնությունից զրկում է «Շիրակին»: Դրա համար հուսով եմ, բողոքարկումից հետո, քննարկումներից հետո ավելի խելամիտ որոշում կկայացվի»:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբից նաև հայտարարել են, որ եթե իրենց բողոքարկումից հետո թիմին միավորներից զրկելու որոշումը մնա ուժի մեջ, ապա իրենք պարտադրված կլինեն տարիքային բոլոր թիմերով լքել ֆեդերացիայի կողմից կազմակերպվող առաջնությունները:

Երկրպագուներն էլ նախօրեին Գյումրիում բողոքի միջոցառում են իրականացրել «Շիրակին» միավորներից զրկելու դեմ:

Ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ «Շիրակ»-ի միավորները 12-ով կնվազեցվեն՝ եթե թիմի բողոքարկումից հետո իրենց որոշումը մնա ուժի մեջ: Ընդ որում՝ հայկական ֆուտբոլի համար աննախադեպ այս սկանդալը կարող է հասնել նաև Լոզանի մարզական արբիտրաժային դատարան: