Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքված միջուկային պայմանագրից դուրս գալու մասին:
3 տարի առաջ համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք միջազգային և տեղացի փորձագետներ կարծում էին, որ փաստաթուղթը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:
«Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի կարծիքով, Թրամփի երեկվա հայտարարությունը, որ ոգևորել է Իսրայելին, վատ ազդակներ է պարունակում և վտանգի տակ դնում տարածաշրջանի կայունությունը․ - «Շատ հնարավոր է նաև, որ պատերազմական իրավիճակ ստեղծվի տարածաշրջանում: Այսօր ես լուրերում կարդացի, որ Իսրայելը հարվածել է Սիրիայում ինչ-որ բազա, որտեղ վեց իրանցի է տուժել: Նման քայլերը կարող են շատ արագ տարածաշրջանը տանել անկայունության, և պարզ է, որ մենք էլ շատ լուրջ վնասներ կկրենք: Երկար ժամանակ էր, որ Ամերիկայի նախկին վարչակարգը՝ Օբաման և նախկին արտգործնախարարը զգուշացնում էին դրա մասին, որ այս համաձայնագիրը այդ բոլոր վտանգները կանխել է մինչև այսօր: Հիմա եթե Ամերիկան դուրս է գալիս այդ համաձայնագրից, շատ անկայուն տարածաշրջան ենք ունենում»:
Իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծում է, որ սկզբնական շրջանում Իրանի սահմանների մոտակայքում քիչ հավանական են ռազմական գործողությունները, այդուհանդերձ, բոլոր արտաքին և ներքին քաղաքական զարգացումները տանում են նրան, որ կսրվի իրավիճակը Սիրիայում․ - «2018 թվականին սկսած Սիրիայի տարածքում անուղղակիորեն այդ Իսրայել - Իրան հակամարտությունը ակնհայտ էր, որ բերելու էր նման գործողությունների: Իսրայելի վարչապետի վերջին հայտարարությունները նաև միտված էին դրան՝ աջակցելու Վաշինգտոնի ջանքերը այդ միջուկային համաձայնության հետ կապված: Ակնհայտ է, որ առաջիկայում մենք կտեսնենք և՛ Իրան - Սաուդյան Արաբիա, և՛ Իրան - Իսրայել հակամարտությունը»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը քաղաքական հարթության մեջ ըստ էության շատ քիչ բան է փոխում՝ հաշվի առնելով, որ փաստաթուղթը ստորագրած մյուս բոլոր կողմերը հայտարարել են, թե հավատարիմ են մնում իրենց ստանձնած պարտավորություններին:
Մասնագետի կարծիքով՝ Միացյալ Նահանգների նմանօրինակ քաղաքական որոշումը միտված է մեկ հիմնական նպատակի՝ փաստացի միակողմանի պատժամիջոցներով կամ դրանց սպառնալիքով խրտնեցնել Իրանի հետ տնտեսական ծրագրեր իրականացնող և այդ երկրում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերություններին, նաև այդպիսով խարխլել առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող իրանական տնտեսությունը:
Համաձայնագրի ստորագրումից հետո հայ իրանագետների, Հայաստանում ապրող իրանցիների և իրանահայերի մոտ ոգևորությունը մեծ էր: Հավատում էին, որ հայ-իրանական հարաբերությունները այս համաձայնագրից միայն կշահեն, քաղաքական հարաբերությունները կամրապնդվեն տնտեսական համագործակցությամբ: Սակայն այսօր արձանագրում են՝ այս երեք տարիների ընթացքում կողմերը մեծ պտուղներ այդպես էլ չքաղեցին:
Ռուբիկ Մինասյան․ - «Կարելի է ասել, որ նույն բանը շարունակվում է: Իրանի քաղաքացին Հայաստանում ընկերություն է գրանցում, չի կարողանում բանկում հաշիվ բացել, չի կարողանում փող փոխանցել: Ոչ մի փոփոխություն չի եղել, երևի թե հիմա էլ նույնը կշարունակվի»:
Արմեն Իսրայելյան․ - «Մենք ակնկալում էինք, որ կլինեն ներդրումներ, ավելի կակտիվանան տնտեսական կապերը: Իհարկե, դրանք տեղի չունեցան: Իրանական կողմը պետք է առաջին հերթին շահագրգռված լիներ ներդրումներ առաջին հերթին իրականացնելու Հայաստանի Հանրապետությունում, ինչը մենք նկատում ենք այլ հարևանների պարագայում, Իրանը ավելի ակտիվ էր: Սա՝ առաջին: Եվ երկրորդը, Իրանի ներսում էլ այն ակնկալիքները, որ կային, չարդարացեն, և հենց 2018 թվականի բողոքի ցույցերի պատճառներից մեկն էլ նաև դա էր»:
Մասնագետները նաև ընդգծում են, ՈՐ ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային համաձայնագրի դադարեցումը չի վնասի հայ-իրանական հարաբերություններին․ երկկողմ համագործակցություն այդպես էլ չհասավ այնպիսի մակարդակի, որ սպառնալիք լինի գերտերությունների համար: