Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ Զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: