ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, հայտնում է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջը:
«Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են, որ նշված հարցերն առավել մանրամասնորեն քննարկելու առիթ կունենան ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մայիսի 14-ին կայանալիք նիստի շրջանակներում»,- նշված է հաղորդագրությունում։
Կառավարության կայքէջը նաև փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հեռախոսազրույցի մասին Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք և քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր։ Պայմանավորվեցինք քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում: Ես ՌԴ նախագահին շնորհակալություն հայտնեցի Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշման համար։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը նաև շնորհավորական հեռագիր էր հղել Հայաստանի վարչապետին: