Վիգեն Սարգսյանը վայր է դնում պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ, որով, միաժամանակ, տեղեկացրել է, որ «այլ կարգավիճակով» է շարունակելու ծառայել ժողովրդին։

«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման փառապանծ տոների և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Խոնարհում և երախտագիտություն մեր բոլոր վետերաններին, հաղթանակների համար թանկ գին վճարած մեր բոլոր հայրենակիցներին: Թող մեզ միշտ առաջնորդի հաղթական ոգին և Հայրենիքն ամեն ինչից վեր դասելու քաղաքացիական սկզբունքը: Բայց այսօր ձեզ դիմում եմ այլ առիթով: Քաղաքական իրադարձությունների բերումով իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը», ֊ գրել է Վիգեն Սարգսյանը։

«Նախարարը քաղաքական պաշտոնյա է, և նրա աշխատանքը արդյունավետ է միայն համախոհների թիմում», ֊ պարզաբանել է նա՝ հավելելով. ֊ «Դա ո՛չ արհեստավարժության, ո՛չ էլ ժողովրդին ծառայելու պատրաստակամության հետ կապված հարց է. հասարակությանը կարելի է և պետք է պիտանի լինել անկախ դիրքից և պաշտոնից: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ այլ կարգավիճակով ևս շարունակելու եմ իմ այդ ծառայությունը»: