«Պետք է քննարկումներ ունենանք և աշխատանքային հարաբերություններ ունենանք բոլոր քաղաքական ուժերի հետ: Եվ ես պատրաստակամություն եմ հայտնում այդպիսի աշխատանքային հարաբերություններ հաստատել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ - «Ես ուզում եմ մենք ճիշտ հասկանանք․ երբ ասում ենք ազգային համերաշխություն և միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր բոլոր տեսակետները նույնական են, և քննադատությունը համարվում է ազգային միասնության խաթարում»:
«Ազատության» հարցին, թե արդյոք պատրաստ է իր գլխավորելիք Կառավարության կազմում ընդգրկել այլև ընդդիմություն դարձած ՀՀԿ-ականների, Փաշինյանը պատասխանեց արձագանքեց․ - «Քննարկումներ մենք կանենք․․․ Եթե ասում ենք համերաշխություն, չի կարող դա ուղղակի կարգախոս լինել, բայց գործնականում ուրիշ բան լինել: Մենք, իհարկե, աշխատելու ենք այդ ուղղությամբ»:
Կոնկրետ թեկնածուների անուններ նորընտիր վարչապետը չհնչեցրեց․ - «Բազմաթիվ թեկնածուներ կան, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, պրոֆեսինալներ, որոնք պետք է անպայման ներգրավված լինեն երկրի կառավարման գործում»:
Նա ասաց, որ Կառավարության կազմում փոփոխություններ կլինեն, այդ թվում՝ Պաշտպանության նախարարի:
«Առաջին ամենակարևոր քայլը, դա, իհարկե, ընտրական համակարգի բարեփոխումների մեկնարկն է: Մենք այդ ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք: Բայց առաջին գործը, որով ես այսօր զբաղվելու եմ, դա մեր երկրի անվտանգության միջավայրի վերաբերյալ Զինված ուժերի և Ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչների զեկույցը լսելն է», - նշեց Փաշինյանը:
Հարցին, թե ո՞ր լիազորությունն է կրճատելու, նորընտիր վարչապետն արձագանքեց․ - «Ես ասել եմ արդեն, որ սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի»: