Արամ Ա-ն շնորհավորել է նորընտիր վարչապետին

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ստորև ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ:

«Սիրելի՛ Պրն. Փաշինյան,

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեր ընտրությունը որպես Վարչապետ Հայաստանի Հանրապետության։

Արդարև, դուք այս հույժ պատասխանատու պաշտոնը ստանձնում եք Հայաստանի պատմության ներկա ճշտորոշիչ հանգրվանում։ Մենք մոտիկից հետևեցինք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդային շարժմանը և հայրենիքում ընկերային արդարություն հաստատելու Ձեր խոստմանը։ Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովրդի զավակներին հեռու պահեցիք բռնարարքներից ու արյունահեղությունից, և սիրո ու համախոհության ոգին դարձրիք մղիչ ուժը ժողովրդային շարժման։

Սիրելի՛ Պրն. Վարչապետ,

Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Մեր սպասումն է, որ Ձեր տված խոստումները բարոյական արժեքների ու մարդկային իրավունքների ամուր պահպանմամբ հանձնառության ու կյանքի վերածեք։ Մեր սպասումն է, որ հայրենի մեր ժողովրդին, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր նկատեք, և մեկ հայրենիքի ու ազգի անխախտ ու անխախտելի սկզբունքը՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տալով, Ձեր կյանքի ու գործի մղիչ ուժը դարձնեք։

Հայրենիքին ծառայելը սոսկ քաղաքական գործունեություն չէ, այլ էապէս առաքելություն, ազգաշինության ու հայրենակերտման առաքելություն։ Դուք այս վեհ ու նվիրական առաքելությանն է, որ պատրաստվում եք լծվել։

Ջերմորեն ողջունում ենք Ձեր ընտրությունը։ Պիտի մնանք զորակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, և միշտ ու գործնապես մասնակից՝ հայրենաշինության առաքելությանը։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ զորեղ պահի Ձեզ, որպեսզի կարողանաք հաջողությամբ իրագործել Ձեր հայրենանվեր ծրագրերը։

Հայրական սիրով,
Աղոթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ»: