Հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ երկու ժամ մեծ էկրաններով հետևում էին Ազգային ժողովի նիստին: Քվեարկության արդյունքները դեռ չհրապարակված տասնյակ շամպայններ բացվեցին: Համաժողովրդական շարժման առաջնորդի վարչապետ ընտրվելը հրապարակը ցնծությամբ ընդունեց:
Մարտի 31-ին Գյումրիի Թատերական հրապարակից մոտ մեկ տասնյակ համակիրների հետ քայերթ սկսած Նիկոլ Փաշինյանը ավելի քան մեկ ամսվա հանրահավաքներից, ցույցերից հետո այսօր Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքում ելույթ ունեցավ որպես վարչապետ․ - «Այսօր դուք հաղթեցիք: Եվ այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգության ընդդեմ ձեր այդ հաղթանակի: Հաղթանակը այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ: Հաղթանակը այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Պետական պաշտոնը, հրապարակում ասաց արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծառայություն է ժողովրդին․ - «Եվ սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ բոլոր բոլոր պաշտոնյաները՝ վարչապետով, նախագահով, բոլորով, ազնիվ և անմնացորդ ծառայեն ժողովրդին: Հակառակ դեպքում ժողովուրդը պետք է անի իր քայլը, այնպես, ինչպես արեց 2018 թվականի ապրիլին: Եվ ուրեմն, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»:
«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ», - այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մասնագիտությամբ լրագրող, 43-ամյա Նիկոլ Փաշիյանը հանրահավաքներում հայտարարում էր, որ ոստիկաններն իրենք են Բաղրամյան 26-ի դռները բացելու ժողովրդի թեկնածուի առջև:
Արդեն վարչապետի նստավայրում Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և նրա տեղակալներին: Կուտոյանը Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը:
Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: