Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան հավատարիմ են մնալու 2015 թվականին Իրանի հետ կնքված գործարքին՝ անկախ ԱՄՆ-ի որոշումից, որը պետք է ընդունվի այս շաբաթ:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքով՝ այդ համաձայնագիրը միջուկային զենքից խուսափելու լավագույն միջոցն է: «Մենք մտադիր ենք պահպանել գործարքը, քանի որ այն պաշտպանում է միջուկային զենքի տարածումից և խանգարում Իրանին միջուկային զենք ստանալ», - Բեռլինում երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, իր հերթին, հայտարարել է, որ Բեռլինը նույնպես գործարքից հրաժարվելու պատճառներ չի տեսնում: «Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ համաձայնագիրը աշխարհն անվտանգ է դարձնում», - ասել է Մաասը ֆրանսիացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Լոնդոնը նույնպես պնդում է՝ չհրաժարվել գործարքից, այլ շտկել դրանում տեղ գտած թերությունները: Վաշինգտոնում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը երեկ հայտարարել է․ - «Մենք պետք է ավելի խիստ լինենք Իրանի հետ: Մենք պետք է շտկենք համաձայնագրի թերությունները»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է կոշտ քննադատել Իրանի և գերտերությունների միջև կնքված այդ փաստաթուղթը, որի շնորհիվ փոքր-ինչ թուլացել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև տասնամյակներ շարունակված լարվածությունը: Նախագահ Թրամփին, ով սպառնում է դուրս գալ գործարքից, մասնավորապես դուր չի գալիս փաստաթղթում տեղ գտած կետը, որը թույլ է 2025 թվականից հետո հանել ուրանի հարստացման իրանական ծրագրի սահմանափակումները: Բացի այդ, ԱՄՆ նախագահը կարևորում է անկախ փորձագետների այցերը Իրանի միջուկային կառույցներ, որոնք առայժմ անհասանելի են:
Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը, սակայն, վերջին զեկույցում նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իրանը ամենայն հավանականությամբ հետևում է գործարքին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հերթական անգամ հայտարարել է՝ Թեհրանի համար անընդունելի է փաստաթղթի վերանայումը, և նման նախաձեռնությունները համարել է ապօրինի: Նա կրկին զգուշացրել է՝ Վաշինգտոնը կփոշմանի, եթե վերանայի միջուկային գործարքը, և նման քայլը կդառնա պատմական մակարդակի սխալ:
Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ Թեհրանը Թրամփի ցանկացած որոշման դեպքում ունի իր գործողությունների պլանը՝ խոստանալով պատասխան քայլեր ձեռնարկել: