ԱՄՆ նախագահը այսօր կհրապարակի Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցով իր որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հետագա մասնակցության հարցով իր որոշումը կհրապարակի մայիսի 8-ին՝ այսօր:

«Ես կհայտարարեմ իմ որոշման մասին վաղը՝ Սպիտակ տնից, ժամը 2-ին», - երկուշաբթի օրը ասել է Թրամփը:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև 2015-ի հուլիսին ստորագրված համաձայնագիրը ենթադրում է պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ համաձայնագիրը շատ անհաջող է, և պահանջել է վերանայել այն:

Այս տարվա հունվարին Թրամփը հայտարարեց, որ եթե փոփոխություններ չկատարվեն, ԱՄՆ-ը կդադարեցնի իր մասնակցությունը այդ համաձայնագրին։