Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, ապա և խմբակցության նիստերից հետո Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ վաղը օժանդակելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում: Շարմազանովի փոխանցմամբ, իրենք արդեն Հանրապետական կոնկրետ պատգամավորների հորդորել են կողմ քվեարկել Փաշինյանին: Թե խոսքը հատկապես որ պատգամավորների մասին է՝ Շարմազանովը հրաժարվեց մանրամասնել:
«Ինչպես մենք հայտարարել ենք խմբակցության նիստից հետո, մենք, որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին, միևնույն ժամանակ՝ մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունը ունեցող վարչապետի թեկնածուին՝ տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը՝ շարունակելով․ - «Եթե ես չեմ սխալվում՝ Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և Հանրապետական խմբակցությունը համապատասխան քանակության ձայներով կաջակցի, որպեսզի մենք ունենանք վարչապետ: Այդ ամենը լինելու է և արդեն եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք ենք հորդորելու այդ պատգամավորներին և արդեն հորդորել ենք, որ նրանք կողմ քվեարկեն: Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»:
«Ազատության» հարցին՝ քանի՞ հոգի կողմ կքվեարկի, ՀՀԿ խոսնակը պատասխանեց․ - «Կարող է 8 լինի, կարող է՝ 10 կամ 11 լինի: Մնացած բոլոր հարցերի վերաբերյալ Վահրամ Բաղդասարյանը խմբակցության ելույթի ժամանակ կասի»:
Ի դեպ, Շարմազանովը վերահաստատեց՝ չի փոխել իր դիրքորոշումը, և ինչպես մայիսի 1֊ին, վաղը նույնպես դեմ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:
«Ես դեմ եմ քվեարկելու, բայց դա չի նշանակում, որ ով կողմ է քվեարկում՝ նա լավն է, ով դեմ է քվեարկում՝ նա վատն է կամ հակառակը: Սա մեր միասնական կուսակցական որոշումն է», - ընդգծեց նա:
Հանրապետական կուսակցության և խմբակցության նիստից հետո իր դիրքորոշումը վերահաստատեց նաև պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Հիշեցնենք՝ նա մայիսի 1֊ին նույնպես դեմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանին, ապա նաև վերահաստատել, որ մայիսի 8֊ին իր դիրքորոշում չի փոխելու:
«Ես Ձեզ ինչ որ ասել եմ՝ դա ուժի մեջ է, վաղը կտեսնեք մնացածը», - ասաց Կոստանյանը:
Փոխարենն այսօր Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու մասին բարձրաձայնեց Հանրապետական խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա նաև շեշտեց, թե կիսում է Փաշինյանի մոտեցումը, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատվեն: Ներկայացնում ենք մեր զրույցից մի հատված․
«Ազատություն»․ - Վաղը Նիկոլ Փաշինյանին կո՞ղմ եք քվեարկելու:
Ալեքսանյան․ - Նիկոլ Փաշինյանին վաղը կողմ եմ քվեարկելու, ի՞նչ ասեմ էլ ուրիշ:
«Ազատություն»․ -Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք
Ալեքսանյան․ - Դե՝ կայացրեցի, էլ ի՞նչ ես ուզում:
«Ազատություն»․ - Նախորդ անգամ դեմ էիք քվեարկել, չէ՞: Հիմա որ ժողովուրդը նրան սատարում է, դրա համա՞ր որոշեցիք:
Ալեքսանյան․ - Դե հիմա որ հետ էթաս՝ մի քսան տարի հետ ես էթալու:
«Ազատության»․ - Իսկ ի՞նչ եք կարծում, լավ վարչապետ կլինի՞ պարոն Փաշինյանը:
Ալեքսանյան․ - Դե՝ կաշխատի, կերևա, էլի․․․
«Ազատություն»․ - Իսկ այն, որ նշում է, որ օլիգարխներ չպետք է լինեն իշխանության մեջ, իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն, կիսո՞ւմ եք այդ մոտեցումները:
Ալեքսանյան․ - Ճիշտ ա, ճիշտ ա ասում:
Նշենք, որ Հանրապետականի նիստը, ըստ երևույթին, բավական թեժ մթնոլորտում է անցել, քանի որ լրագրողներն ականատես եղան, թե ինչպես մի քանի հանրապետականներ վիճաբանելով և գոռգոռալով դուրս եկան կուսակցության գրասենյակի պատշգամբ: Կրքերը փորձում էր հանդարտեցնել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նրանց ներս հրելով: Թե ովքե՞ր էին վիճաբանողները տեսանելի չէր, ամեն դեպքում իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հերքեց, թե որևէ միջադեպ է տեղի ունեցել: