Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կենտրոնական Հետախուզական վարչության պետի պաշտոնում առաջադրված Ջինա Հասպելը ցանկություն է հայտնել ինքնաբացարկ հայտարարել: Այդ մասին գրել է The Washington Post պարբերականը` նշելով, որ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականներին անցած շաբաթավերջին մեծ դժվարությամբ հաջողվել է հետ պահել Հասպելին այդ քայլից:
ԿՀՎ տնօրենի պաշտոնում առաջադրված Ջինա Հասպելի նման պահվածքի պատճառը նրա անձի շուրջ ծագած սկանդալն է: Ամերիկացի իրավապաշտպանները պնդում են, որ Հասպելը Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ահաբեկչության մեջ կասկածվող անձանց հարցաքննությունների ժամանակ թույլատրել է կտտանքներ կիրառել:
Ավելին, ըստ որոշ հաղորդագրությունների Ջինա Հասպելը իր ենթականերին նաև հրահանգել է ոչնչացնել կտտանքների մասին վկայող ապացույցները՝ այդ թվում հարցաքննությունների տեսագրությունները:
The Washington Post-ի տեղեկություններով նախագահ Թրամփի խորհրդականները զգուշացրել են նրան, որ Կոնգրեսի անդամների մեծամասնությունը կարող է ընդդիմանալ Հասպելի նշանակմանը: