Վլադիմիր Պուտինը այսօր չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի նախագահի լիազորությունները: Երդմնակալության արարողությունը կայացավ Կրեմլի Անդրեևյան դահլիճում, ուր Պուտինը ժամանեց նույն Կրեմլի իր գրասենյակից՝ ռուսական «Կորտեժ» նոր ավտոմեքենայով:
Եվս մեկ նորամուծություն էր այն, որ Պուտինի ավտոշարասյունը չանցավ Մոսկվայի կենտրոնական փողոցներով: Անցած անգամ՝ 2012 թվականին Ռուսաստանի նախագահի ավտոշարասյունն անցել էր բոլորովին դատարկ փողոցներով, և հատուկ ծառայությունները փակել էին Մոսկվայի կենտրոնական փողոցները ոչ միայն ավտոմեքենաների և քաղաքային տրանսպորտի, այլև անցորդների համար:
Երդմնակալությանը այս անգամ ներկա էր 5 հազար մարդ, որոնց մի մասը՝ դահլիճում, մյուսը՝ Սոբորնայա հրապարակում․ սա Կրեմլին հարող հրապարակներից մեկն է:
Սահմանադրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինն այսօր երդվել է․ - «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի իմ լիազորություններն իրականացնելիս հարգել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները»:
Այս խոսքերը նա այսօր արտասանել է չորրորդ անգամ: Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000 թվականին՝ որպես նորագույն Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ, երկրորդ անգամ՝ 2004-ին։
Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է նույն անձին նախագահ ընտրվել անընդմեջ երկու ժամկետից ավելի։ 2008 թվականին Ռուսաստանի նախագահ ընտրվեց Պուտինի ժառանգորդ Դմիտրի Մեդվեդևը, ով նախագահության ժամկետը երկարաձգեց երկու տարով և դարձրեց վեց տարի։ 2011-ի աշնանը՝ նախագահական ընտրություններից կես տարի առաջ, Մեդվեդևը հայտարարեց, որ Պուտինի հետ պայմանավորվածության համաձայն՝ նրան է զիջում Կրեմլում իր տեղը։
Պուտին-Մեդվեդև փոխատեղումը ռուսաստանցիներին դուր չէր եկել, և նրանք 2011-2012 թվականներին ակտիվորեն մասնակցել են բողոքի բազմաթիվ հավաքներին և երթերին, փողոց էին դուրս գալիս տասնյակ հազարավոր քաղաքացիներ։
Այսօր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց հավանաբար վերջին անգամ։ Նա 65 տարեկան է, և 2024-ին ավարտվում է նրա նախագահության չորրորդ ժամկետը։ Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս Ռուսաստանի նախագահ ընտրվել 2024 թվականին, այսինքն՝ Պուտինը պետք է կա՛մ Սերժ Սարգսյանի օրինակով Սահմանադրությունը փոխի, կա՛մ հեռանա Կրեմլից՝ թողնելով ժառանգորդ, օրինակ` ինչպես 2008 թվականին։
Մայիսի 5-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում անցան «Նա մեր ցարը չէ» կարգախոսով հակապուտինյան հավաքներ և երթեր։ Այդ հավաքների մի մասն արտոնված չէր, և ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների, այդ թվում՝ նաև անչափահասների նկատմամբ։
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու այս ակցիաները հատկապես մարդաշատ էին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման էր ենթարկել 1500-ից ավելի մարդու։