«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի համոզմամբ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության բազմաթիվ պատգամավորներ մայիսի 1-ին պատրաստ էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Միրզոյանը պնդեց՝ քվեարկության նախորդ գիշերը ՀՀԿ-ականներին սպառնացել են՝ ստիպելով դեմ քվեարկել։
«Հանրապետական խմբակցության պատգամավորների ազատագրման գործընթաց է նաև սա։ Բազմաթիվ պատգամավորներ, ես գիտեմ, վստահաբար կարող եմ պնդել, որ նաև էդ օրը պատրաստ էին քվեարկել կողմ։ Շատ ուժային միջամտություն է եղել նախորդ գիշեր՝ իրենց սպառնացել են ֆիզիկական անվտանգության, ինձ հասած լուրերով, ընդհուպ մինչև, և ուղղակի ստիպել են քվեարկել Նիկոլ Փաշինյանի դեմ, նաև երևի մարդկանց մեջ հույս է արթնացել, որ գուցե դեռ ինչ-որ սցենարներ կան, որ կարելի է խաղարկել, և ամեն ինչ դեռ կորած չէ։ Ես վստահ եմ, որ հենց էդ նույն իրիկունը՝ քվեարկությունից հետո շատերը փոշմանել են, որ դեմ են քվեարկել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
ՀՀԿ-ական գործարարները՝ բոլորը, կարող են վստահ լինել, որ իրենց բիզնեսներին, իրենց ընտանիքներին, մտերիմներին, ֆիզիկական անվտանգությանը ոչինչ չի սպառնում, ասաց Միրզոյանը։
«Ինչ վերաբերում է իրենց ներքին խմբավորումներին, Հանրապետական խմբակցության երկու խմբավորում չէ, այնտեղ առնվազն 4-5 դասակարգում կարելի է անել, 4-5 հատվածի բաժանել՝ լինեն գործարարները, լինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, բոլորը կարող են վստահ լինել, որ իրենց բիզնեսներին, իրենց ֆիզիկական, իրենց ընտանիքների, մտերիմների անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Մենք ինչ-որ հարթակից ասում ենք, մենք նույնը նկատի ունենք, մենք նույնը խոսում ենք մեր ներքին քննարկումներում։ Երբ որ ասում ենք վենդետա չի լինելու, իրենց ոչինչ չի սպառնալու, մենք հենց էդ էլ նկատի ունենք, իրենց իսկապես ոչինչ չի սպառնալու», - ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ շարունակելով. - «Բիզնես ունեցող մարդիկ էլ թող գնան, հանգիստ իրենց բիզնեսով զբաղվեն, և իրենք կարիք չունեն մանդատ ունենալ, լինել պառլամենտում, լինել ինչ-որ պետական պաշտոնի, որպեսզի երաշխավորեն բիզնեսը»։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ սեփականության վերաբաշխում չի լինելու։
«Հիմա կան կապիտալ կուտակած մարդիկ, կան բիզնեսներ, սեփականության վերաբաշխում չի լինելու, որովհետև դա կստացվի պետությունը զրոյից սարքել, դա հղի է շատ անկանխատեսելի հետևանքներով։ Սա իրողություն է՝ կան մարդիկ, որոնք ունեն էս, էս, էս բիզնեսները, էս մարդկանցից չենք խլելու, էս մարդիկ շարունակելու են, բայց խաղի կանոններն են փոխվելու, որևէ մեկը մենաշնորհ որևէ հարցում չի ունենալու։ Թող ինքն էլ բերի, ներկրի, իր ունեցած եղանակներով սպառի ապրանքը, բայց մյուսն էլ է կարողանալու բերել, սա՝ մեկ, երկրորդը՝ էդ մարդիկ, մեծ բիզնեսները ֆինանսապես չեն տուժելու, որովհետև, եթե հիմա իրենց ապրանքաշրջանառության և ցույց տրվող փաստաթղթերին, մուծված հարկերին զուգահեռ կան այսպես կոչված էդ սև դիպլոմատները՝ կանխիկ փողերը, կամ փոխանցումները, որոնք գնում են այլ օղակներ, դա այլևս չի լինելու, կոռուպցիա այլևս Հայաստանում չի լինելու, և իրենք դրա փոխարեն իրենց նորմալ հարկերն են տալու, չի ծանրանալու իրենցը, իրենց հարկերը մուծելու են և ապրելու են, չեն բերելու ինձ փող տան», - ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:
41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։
Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.