Մայիսի 1-ին, 79-ամյա Վրանուհի Գևորգյանը կամ Լեյլա տատիկը, տասը ժամից ավելի կանգնել է Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի առաջին շարքերում։
Պատմում է, որ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին մասնակցել է գրեթե առաջին իսկ օրերից:
«Ոնց որ ինձ մեկը ստիպեր, ասեր՝ վեր կաց, գնա։ Ես որ էնտեղ կանգնած էի, ոնց որ բուժվեի։ Ո՛չ հոգնած էի, ո՛չ սոված, ո՛չ ծարավ։ Ոնց որ ինչ ուզում էի ասեի, խոսեի՝ Նիկոլն ասում էր։ Ասում էի՝ Աստված ջան, էս տղեն որտեղից եկավ, որ իմ ուզած բառերն աշխարհին ասում ա: Շատ խելոք արին, ոնց որ մի ընտանիք լինեին։ ես տենց բան չէի սպասում, մալադեց», - պատմում է Լեյլա տատիկը: - «Միտինգը որ վերջացավ, ասացի՝ ես Նիկոլ Փաշինյանի մոտ եմ գնալու, չէին թողնում։ Կինն իջավ, ասեցի՝ Փաշինյանին եմ ուզում տեսնեմ, նոր գնամ։ Իջավ մոտս, ասեցի՝ ուզում եմ հետդ նկարվեմ, որ թոռիս ուղարկեմ։ Կնոջն էլ, իրան էլ, սիրուն փաթաթվեցի, ականջին էլ թաքուն ասեցի, աղջիկ ջան, ձեր տունը ես եմ գալու, ես լավ տեղաշորներ եմ կարում»:
79-ամյա կինը 50 տարի է, ինչ վերմակ է կարում։ Ասում է՝ քանակի համար չի աշխատում, որակն է կարևորում. - «Վերմակ ա, բուրդ ա, չփխել ա, կարել ա... էս էլ իմ մոր տված շնորհն ա»:
Տեսախցիկների ու ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում հայտնված բարի աչքերով տատիկը, ով մայիսի 1-ին հրապարակում տեղադրված էկրանից ժամեր շարունակ հետևում էր Ազգային ժողովի հատուկ նիստին, մեծ ճանաչում է ձեռք բերել և բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվել. - «էսօր գնացել եմ շուկա, չմտած՝ ծափ են տալիս։ Ասում եմ՝ խելոք մնացեք, ինչ եք անում... խաղաղություն լինի, արդարություն»:
Երեք թոռ և 4 ծոռ ունեցող «Հեղափոխության տատիկը» մայիսի 8-ին տանը չի նստելու, մտադիր է մասնակցել հրապարակում կայանալիք հերթական հանրահավաքին։
«Ամսի ութին մի քիչ շուտ կգնամ, որ էլի իմ տեղը կանգնեմ, ես բեմի մոտ եմ կանգնում, որ տեսնեմ ինչ ա խոսում», - ասաց Լեյլա տատիկը: