Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ազատվել է աշխատանքից: Այսօր ավելի վաղ նա հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է․ - «Հաշվի առնելով Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 դպրոցի ուսուցիչների և աշակերտների դժգոհությունը տնօրեն Ռուզաննա Ազիզյանի գործունեությունից և այն հանգամանքը, որ ուսուցիչների և աշակերտների վստահությունն ու սերը չվայելող մանկավարժը չի կարող շարունակել աշխատել իրեն մերժող կոլեկտիվի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը ազատվել է աշխատանքից»:
Այսօր ավելի վաղ Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այսօր հանդիպելով դպրոցի մանկավարժներին, վստահեցրել էր. - «Եթե ղեկավարը սիրված և ընդունված չէ այս կոլեկտիվի կողմից, կարծում եմ առնվազն բարոյական չէ այստեղ աշխատելը»:
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր վաղ առավոտից այս դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դպրոցի տնօրենի հրաժարականը։
Դպրոցի ուսուցիչները պնդում էին՝ դպրոցի տնօրենը ճնշել է, ստորացրել, կոպիտ վերաբերմունքի արժանացրել աշխատակազմին:
Հայոց լեզվի ուսուցչուհի Սաթենիկ Նիկողոսյանը պնդեց՝ մեկ տարի շարունակ ստացել է պարգևավճարներ, որոնք իր գործընկերների միջոցով փոխանցել է դպրոցի տնօրենին. - «Իմ հաշվին է փոխանցվել, բերել է տվել եմ կոլեգաներիս, որոնք տվել են իրեն»:
Տնօրենը հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները։
«Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը տեղյակ է եղել՝ ինչպես են ուսուցիչներն իրենց պարգևավճարները փոխանցել տնօրենին, Ստեփանյանը պատասխանեց՝ չի էլ լսել այս դեպքերի մասին. - «Ես ապշած եմ եղել, որ երեկ լսեցի, ինչպե՞ս կարող էի իմանալ ու լռել, ուղղակի անընդունելի բան է սա»:
Երեկ Դատախազությունը հայտնել էր, որ թիվ 11 դպրոցում տեղի ունեցած բողոքի ընթացքում հնչած բոլոր բողոքների, չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ոստիկանություն։ Ոստիկանությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ դատախազությունից նյութերը ստացել են և հետաքննություն է իրականացվում։
Ռուզաննա Ազիզյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալի կենտրոնում․ տարիներ առաջ նա դպրոցի դասարաններից մեկը Հանրապետական խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով էր կոչել, անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ էլ, համաձայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հետաքննության, նա այն տնօրեններից մեկն էր, որ Հանրապետականի համար նախընտրական ցուցակներ էր կազմել։ Ռուզաննա Ազիզյանը, ըստ այդ հետաքննության, խոստովանել էր, որ թաղապետարանի հրահանգով 170 հոգանոց ցանկ է ներկայացրել։