Վերլուծաբանները կարևորում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Հեղափոխության վերջնական ու տրամաբանական հաղթանակը դե յուրե արձանագրելու համար, մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանի կառավարություն, ըստ վերլուծաբանների, օր առաջ պետք է փոփոխի ընտրական օրենսդրությունն ու անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ու քաղաքագետ Միքայել Զոլյանի կարծիքները համընկնում են՝ համակարգային փոփոխությունների համար, գործադիր իշխանությունից բացի, Փաշինյանին հարկավոր է խորհրդարանում նույնպես ունենալ քաղաքական հենք հանդիսացող մեծամասնություն։

«Հիմա մենք կարող ենք ասել, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են, բայց դա պետք է ամրագրվի ժողովրդավարական պրոցեդուրաների միջոցով», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Միքայել Զոլյանը:

«Առաջին քայլը պետք է լինի իրավիճակի հնարավորինս արագ տիրապետումը կառավարման համակարգի իմաստով, որովհետև հակառակ դեպքում բավական մեծանում է տարբեր մանր ու մեծ սաբոտաժների, սադրանքների հնարավորությունը, որովհետև մենք գիտենք, որ թեկուզ թավշյա հեղափոխությունից հետո գալիս է մի շրջան, երբ այդ հեղափոխությունից «տուժածները» կամ կորցնողները փորձում են ինչ-որ կերպ «հակահեղափոխությունը» կազմակերպել», - հավելեց Հակոբ Բադալյանը:

«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու համար, մայիսի 8-ին անհրաժեշտ է 53 պատգամավորի քվե։ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետականները հայտարարել են՝ ոչ միաձայն, բայց այս անգամ աջակցելու են ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին։

Վերլուծաբանների խոսքով, կողմ քվեարկելը դեռ երաշխիք չէ, որ հանրապետականները շարունակեն ստվերային գործունեությունն ու քաղաքական սաբոտաժների չգնան։

«Նրանք կարող են բարդացնել ցանկացած օրենքի անցկացում, ցանկացած ռեֆորմի իրականացում», - մեկնաբանում է Միքայել Զոլյանը:

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու դեպքում, խորհրդարանում կարող է որոշակի իրավական կազուս ստեղծվել։ Հստակ չէ, թե այդ պարագայում, ո՞վ է խորհրդարանում լինելու ընդդիմություն, ո՞վ՝ իշխանություն։ Առայժմ հստակ չէ նաև, թե ի՞նչ կառավարություն և ում հետ է Փաշինյանը պատրաստվում ձևավորել իր կաբինետը։

Քաղաքագետ Միքայել Զոլյանի խոսքով, այս իրավիճակը բնորոշ է այս անցումային շրջանին, խորհրդարանը, ըստ նրա, դասական առումով չի ունենա ո՛չ իշխանական, ոչ՛ էլ ընդդիմություն համարվող ուժեր: - «Սա կայուն իրավիճակ չէ», - ասում է նա:

Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նույնպես անխուսափելի է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, սա նաև նրա հայտարարած հեղափոխության ծրագրային քարտեզի ամենակարևոր կետերից է։ Խնդիրն այս պահին ժամկետի մեջ է։ Անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններից բացի, Փաշինյանը այս հարցում կարևորում է նաև քաղաքական մյուս ուժերի տեսակետը։

Փաշինյանի մատնանշած ընտրական օրենսգիրքն ու կուսակցությունների մասին օրենքը փոփոխելու համար պետք է խորհրդարանի 3/5-ի, այսինք 65 պատգամավորի քվե։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, ժողովրդական այսպիսի աջակցության շնորհիվ Փաշինյանին կհաջողվի կատարել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։

«Նիկոլ Փաշինյանը ունի դրա հնարավորությունը՝ վարչապետի ներկայիս լիազորությունների շրջանակում: Դրանք, իհարկե, բավարար չեն խաղի կանոններ փոխելու համար: Դրա համար անհրաժեշտ է արդեն խորհրդարանում դե յուրե մեծամասնություն, բայց եթե Նիկոլը պահի փողոցում մեծամասնությանը, ինքը կստանա խորհրդարանում մեծամասնություն, որովհետև խորհրդարանի ուժերը պիտի անպայման հաշվի առնեն փողոցի տրամադրությունը», - մեկնաբանում է նա: