Հայաստանի խորհրդարանի «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների 41 պատգամավորներ երեկ վարպապետի թեկնածու առաջադրեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանին:
Մայիսի 1-ին կայացած ընտրություններում առաջադրված միակ թեկնածու Փաշինյանը խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականի «դեմ» քվեարկության արդյունքում չստացավ բավարար թվով ձայներ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար:
Իշխող Հանրապետականն այս անգամ վստահեցրել է, որ չի խոչընդոտելու, ավելին՝ աջակցելու է, որպեսզի Փաշինյանը մայիսի 8-ին ընտրվի այդ պաշտոնում:
«Եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը Սահմանադրության, օրենքների հետ համահունչ կատարում են իրենց ընտրությունը, և այստեղ կա կոնսենսուս, երբ սա նպաստում է ներքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախը պատրաստ է աշխատել Հայաստանի Հանրապետության ժողովրդի և քաղաքական ուժերի համաձայնությամբ, կամքով ընտրված քաղաքական գործիչների, ղեկավարների, առաջնորդների հետ», - ասաց Դավիթ Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը հնարավորինս արագ հանգուցալուծվի՝ խաղաղ և օրինական ճանապարհով:
Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարական ներկայացնելու օրերին Երևանում էր նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Այդ օրերին նա մի շարք հանդիպումներ անցկացրեց․ ապրիլի 22-ին նա հանդիպեց նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին, ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայնէ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռուբերտ Քոչարյանի հետ:
Դրանից հետո կայացավ Բակո Սահակյան - Նիկոլ Փաշինյան հանդիպում։ Քննարկման թեման, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայաստանյան զարգացումներն են եղել։
Այսօր Հայաստանի Ազգային ժողովի չորս խմբակցությունների ներկայացուցիչներ են մեկնել ԼՂ:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հրավերը ստացել են ԼՂ նախագահ Բակո Սահակյանից, և այսօր ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պատրաստվում են քննարկել առավելապես ղարաբաղյան խնդրին առնչվող հարցեր․ - «Արցախը որպես հայությանը միավորող գործոն․ այս թեմայով նախատեսում ենք անցկացնել մտերմիկ զրույց»:
Ռուստամյանի փոխանցմամբ, այսօրվա հանդիպմանը մասնակցելու է նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:
ԼՂ Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով՝ այսօրվա հանդիպման օրակարգ չկա, չկա նաև տարբեր թեմաների անդրադառնալու սահմանափակում:
Խանումյանին նաև ներհայաստանյան վերջին իրադարձություններին վերաբերող հարցեր են հետաքրքրում․ - «Իրադարձություններին հետևելիս ենք եղել օնլայն: Մեզ համար կարևոր է հասկանալ, թե Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունները ինչպես ընդունեցին այս իրադարձությունները, ինչ դասեր քաղեցին: Սա, կարծում եմ, մեզ համար կարևոր է, թե ինչպես են քաղաքական ուժերը ընկալել այս երևույթը, ինչպես են ընկալում այս նոր իրադարձությունները: Ի վերջո տեղի է ունեցել մի զարմանալի բան․ հայաստանյան հասարակությունը հասունացել է ավելին, քան քաղաքական էլիտան»:
Հայաստանի մեկնած պատվիրակության կազմում է նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: