Մի խումբ ծնողներ և ուսուցիչներ պահանջում են թիվ 11 դպրոցի տնօրենի հրաժարականը

Մոտ չորս տասնյակ ծնողներ, աշակերտներ և մի քանի ուսուցիչներ դժգոհում էին, որ իրենց արգելել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերին, ՀՀԿ-ական տնօրենն իրենց վրա ճնշումներ է գործադրում:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լազար Կարախանովը պատմեց, թե երբ ցույցի շտապող ուսուցիչների խնդրանքով բացել է դպրոցի կողպված դռները՝ դիտողություն է ստացել․ - «Երեխաները զանգահարել էին, ասել էին, որ՝ մեր վրա փակել են դուռ, չեն կարող դպրոցից դուրս գալ, ծնողները եկել-հավաքվել են, խնդրել են, որ երեխաներին դուրս հանեն: Քանի որ մեր ուսուցիչներն էլ են դիմել հարցով, թե ոնց կարող են դուռը բացել, դուրս գալ․․․ ես էլ բացել եմ դուռը: Իմ դեմ ստորագրահավաք է եղել, որ ես ստիպել եմ ուսուցիչներին դուրս գալ»:

Դպրոցի գրադարանավարուհի Ռուզան Սաֆարյանը աղմկահարույց հայտարարություն արեց՝ տարիներ շարունակ պարգևաճար է ստացել, գումարը բանկոմատից հանել ու դպրոցի աշխատակցիներից մեկի միջոցով փոխանցել տնօրենին․ - «Հինգ տարի շարունակ ստացել եմ պրեմիաներ: Գումարը ես ստացել եմ, բերել եմ, փոխանցել եմ իրեն: Ես անձամբ իրեն չեմ տվել․ ում միջոցով՝ բերեք մեր կոլեգաների անունները չտանք: Այդպես է հրամանը եկել՝ ստանում եք, բերում եք, փոխանցում եք»:

«Ազատության» դիտարկմանը, թե տնօրենը այդ ամենը հերքել է, Սաֆարյանը հակադարձեց․ - «Ես ինքս եմ ստացել, բերել և հանձնել»:

Տարիներ առաջ հենց այս պարգևավճարների մասին էր բարձրաձայնել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը, ինչից հետո քաղաքապետարանը ստուգել ու պարզել էր, որ փաստաթղթերով ամեն ինչ օրինական է:

Բախշյանն այսօր, դիմելով ուսուցիչներին, ասաց․ - «Անցյալ տարվա իմ ստուգումները բոլորը իմ ձեռքին են, և ես գիտեմ հատ-հատ, թե որ մեկից ինչքան հավելավճար է տվել: Եթե դուք պարտաստ եք փաստել, ես պատրաստ եմ ձեր կողքին շարունակել գործը»:

Երբ դահլիճը վանկարկեց «Ազիզյան, հեռացի՛ր», տնօրենը բեմից արձագանքեց, թե այս ամենը կազմակերպել են մի քանի ուսուցիչներ:

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացրեց, որ դիմելու են քաղաքապետին, որպեսզի Ազիզյանն աշխատանքից ազատվի:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ տնօրենը ՀՀԿ-ի օգտին նախընտրական ցուցակներ է կազմել: Ռուզաննա Ազիզյանը, սակայն, սա չլսեց, որովհետև անմիջապես հեռացավ դահլիճից:

«Անցյալ տարի մարտ ամսին տիկին Ազիզյանը տասը այլ աշխատակիցների հետ միասին հավաքել էր 170 հոգու ցուցակ և փոխանցել էր թաղապետարան՝ որպես Հանրապետական կուսակցության ընտրողներ: Ապացույցը զապիսի տեսքով կա», - հայտարարեց Դանիել Իոաննիսյանը:

Արդեն իր աշխատասենյակում ծնողներից մեկը, դիմելով Ազիզյանին, ասաց՝ ձեր դպրոցում դրամահավաք կա, իսկ 2008-ի ընտրությունների ժամանակ դպրոցից իր անձնագիրն են պահանջել, որպեսզի ցուցակագրեն․ - «Էրեխեն էկել ա, ասել ա՝ պապա, պասպորտդ տուր, որ տանեմ դպրոց: Ես էլ ասել եմ՝ չեմ տալիս»:

Թիվ 11 դպրոցի տնօրենն այսօր հերքեց իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքներն ու պնդեց՝ հրաժարական չի տա:

Բողոքի ակցիայի ավարտին դպրոց մտան ոստիկաններ: Ոստիկանությունից փոխանցեցին, որ հետևել են ուղիղ հեռարձակումներին ու փորձում են տեղում պարզել եղելությունը:

Դատախազությունից հայտնեցին, որ թիվ 11 դպրոցում այսօր տեղի ունեցած բողոքի ընթացքում հնչած բոլոր բողոքների, չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ոստիկանություն։

Ռուզաննա Ազիզյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալների կենտրոնում․ նա դպրոցի դասարաններից մեկը հանրապետականի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով էր կոչել, իսկ իր համակուրսեցի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան անվանել էր «կրակոտ երիտասարդ»: