HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակման հետևանքով երրորդ տուժածի վիճակը կայուն ծանր է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում են վիրահատել Արամ Մկրտչյանին, 4-ը մայիսի, 2018 թ․

Երևանի HSBC բանկի՝ Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակման հետևանքով երեք վիրավորներից միակ ողջ մնացածի՝ բանկի անվտանգության աշխատակից Արամ Մկրտչյանի վիճակը, բժիշկների գնահատմամբ, միջին ծանրության է, կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։

«Ընդունվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած չթափանցող վիրավորումով, բավականին մեծ վերք էր, վնասվել էր կրծքամկանի մեծ մասը, բավական մեծ դեֆեկտ էր, և առկա էր արնահոսություն: Նաև առկա էր ձախ այտի կտրած ծակած վիրավորում: Ներկա պահին հիվանդի վիճակը գնահատվում է որպես միջին ծանրության, կայուն է, կյանքին վտանգներ չեն սպառնում»,- «Ազատությանն» ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժիշկ Տիգրան Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ երեկ ժամը 14:30-ի սահմաններում Երևանի HSBC բանկի նշված մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հետևանքով երկու մարդ է սպանվել։ Նրանցից մեկը՝ բանկի անվտանգության աշխատակիցը տեղում էր մահացել, իսկ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը տեղափոխվել էր հիվանդանոց, վիրահատվել, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։

Փողի տոպրակով և զենքով վազող կասկածյալին, ականատեսների վկայությամբ, վնասազերծել են տեղի բնակիչները։ Քննչական կոմիտեից հաղորդում են, որ ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, գողոնն առգրավվել է։ Ենթադրյալ հանցագործն, ի դեպ, ոստիկանության գնդապետ է։ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը։ Նա ձերբակալված է։

Հրազենային վիրավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված պարեկային ոստիկան, ավագ ենթասպա Արա Շախգուլյանը մահացել է վիրահատության ընթացքում: Բանկի անվտանգության աշխատակիցներից Խաչատուր Գալստյանը նույնպես հրազենային վիրավորման հետևանքով է մահացել։

Կրծքավանդակի ձախ շրջանում և դեմքին դանակի հարվածներ ստացած Արամ Մկրտչյանի հետ զրուցել այսօր չհաջողվեց։ 25-ամյա երիտասարդը, բժիշկների և ծնողների հավաստմամբ, դեռ թույլ է, հանգստի կարիք ունի։ Արամի մայրն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ որդին անընդնեջ ծառայակից ընկերոջ մասին է հարցնում։ «Ինձ հիմնականում բան չի պատմում, եթե մի բառ էլ ասում է՝ հոգնում է, անընդհատ քնացնում են, որ ինքն էդ վիճակից դուրս գա: Անընդհատ իր հետի ընկերոջ վիճակի մասին է հարցնում, մենք էլ ասում ենք՝ նորմալ է, չգիտի, որ մահացել է»,- ասաց Արամի մայրը:

Արամն աշխատանքը համատեղում է ուսման հետ, սովորում է Երևանի Ագրարային համալսարանում։ Մայրն ասում է՝ աշխատավայրում լսել է, որ բանկերից մեկի վրա հարձակում է եղել, բայց մտքով անգամ չի անցել, որ խոսքն «Արամի բանկի» մասին է:

Այսօր Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Սխրագործության համար» մեդալով հետմահու պարգևատրվել է Արա Շախգուլյանը: Խաչատուր Գալստյանը (հետմահու) և Արամ Մկրտչյանը պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Հանցագործին բռնելիս ոստիկաններին աջակցելու համար նույն մեդալով են պարգևատրվել նաև երկու քաղաքացի:

HSBC բանկի՝ Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղակայված մասնաճյուղն այսօր փակ էր։ Թե որքան գումար էր հանվել բանկից հարձակման ժամանակ, չի հաղորդվում։