Կիևում բնակվող Հայկը վերջերս է վերադարձել Երևան, զարմացած արձանագրում է, որ բոլոր անկյուններից իր երգն է լսում․ - «Երևի մնացել ա Հանրապետականի շտաբում լսեմ: Մնացած բոլոր տեղերում լսել եմ»:
«Քաղաքացու երգը» առաջին անգամ կատարվեց մարտի 30-ին։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսեց Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ իր երթը։ Խոսքերի հեղինակը հենց Փաշինյանն է, իսկ երաժշտությունը Հայկ Ստվերն է գրել։ Պատմում է, որ սկզբում, երբ իրեն առաջարկեցին այս երգը կատարել, նա մերժեց, քանի որ այլ ոճի երգեր է երգում, բայց մեկ շաբաթ հետո կրկին իրեն դիմեցին․ - «Ասեցին՝ սաղ վախեցան երգել, դու պիտի երգես: Ասեցի՝ դե որ ես պիտի երգեմ՝ երգեմ»:
Երգիչը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանը իրեն անձամբ չի ճանաչել, իր եղբայրն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և նրա միջոցով են կապը պահել։
Երգի խոսքերը, իր կարծիքով, Հայաստանի խնդիրների մասին են, որոնք պետք է հաղթահարվեն․ - «Հավանեցի: Եղբորս ասի՝ էս իրո՞ք Նիկոլն ա գրել: Որովհետև շատ ժամանակ լսում եմ, որ մի քիչ ժողովրդական բառեր ա օգտագործում, իսկ ստեղ ավելի գրագետ․․․ Եղբայրս ասաց՝ հաստան ինքը, շատ գրագետ մարդ ա: Ուղղակի հետ ժողովրդի հետ ժողովրդական ա խոսում»:
Հայկի խոսքով այս երգը կատարել է նաև մեկ այլ երգիչ կիթառով, բայց վերջում իր տարբերակն են ընտրել․ - «Ինձ թվում ա, իր գործն արեց երգը»:
Հայկ Ստվերը վեց տարի առաջ էր տեղափոխվել Ուկրաինա։ Հայաստանում չէր կարողացել աշխատանք գտնել, գնացել էր այնտեղ երգչի կարիերա անելու և գումար աշխատելու համար: Կիևում ռեստորաններում էր երգում։
Ասում է, որ հայացքներով միշտ էլ ընդդիմադիր է եղել, 2008 թվականի ցույցերի ժամանակ պայմանավորվել էին, որ մարտի 1-ին պետք է Ազատության հրապարակում երգեր, ծննդյան տարեդարձի պատճառով օրը խնդրել էր փոխել․ «Մտածեցինք, մեկ ա, շարժումը կա ու կա, գնամ ծնունդ անեմ, մյուս օրը կերգեմ: Մյուս օրն էլ արդեն գիտեք ինչ եղավ»:
Փաշինյանին 2008-ից գիտեր, բայց առաջին անգամ այս ապրիլի 25-ին են հանդիպել, երբ իրեն Կիևից կանչեցին Հայաստան։ Հանրապետության հրապարակում նա այդ օրը առաջին անգամ կատարեց «Քաղաքացու երգը»։ Հիմա ցանկանում է մնալ Հայաստանում, աշխատանքային առաջարկներ է ստանում։
Հպարտ է, որ հենց ինքն է կատարել հեղափոխության երգը: Կարծում է, որ սրանից հետո մյուս երկրներում էլ հեղափոխություն անելիս պետք է անպայման լավ երգ ունենան։
«Ինչ որ հիմա կատարվում ա, ինձ թվում ա պատմական պահ ա: Մեծ հույսեր կան, որ արդեն կսկսենք խոսալ, որ երկիրը երկիր ա»: