Մի խումբ ծնողներ և ուսուցիչներ պահանջում են թիվ 11 դպրոցի տնօրենի հրաժարականը

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, Երևան, 4-ը մայիսի, 2018թ․

Մայրաքաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում այսօր հավաքված մի քանի տասնյակ ծնողներ, նաև ուսուցչական կազմի ներկայացուցիչներ պահանջում են դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հրաժարականը՝ պնդելով, որ դպրոցում շարունակվում են պարբերական դրամահավաքները, ուսուցիչները և մյուս աշխատակիցները իրենց ստացած տարեկան պարգևավճարները հավաքում ու Ազիզյանի վստահված անձի միջոցով հանձնում են նրան:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հավաքվածներին ասաց, որ խմբակցությունը կդիմի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով աշխատանքից ազատել Ազիզյանին:

Ռուզաննա Ազիզյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:

Նախկինում ևս դպրոցից ահազանգեր եղել են, սակայն քաղաքապետարանի անցկացրած ստուգումները օրենքի խախտումներ չեն արձանագրել: