Այսօր ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաընկերությունը իր տարբերանշանի վրա տեղադրել է Հայաստանի դրոշը։ «Ազատության» հարցմանը հեռուստաընկերությունը պատասխանել է, որ դա արել է ի նշան իր ապագան ինքնուրույն կերտող Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:
«Հայաստանի դրոշը մեր հեռուստաընկերության տարբերանշանի վրա չի նշանակում, որ հեռուստաընկերությունն աջակցում է հայկական թավշյա հեղափոխությանը կամ նրա հակառակորդներին, մեր խմբագրությունը չունի դիրքորոշում այդ հարցում։ Մենք համարում ենք, որ ձեր երկրում տեղի ունեցող զարգացումները ձեր երկրի ներքին գործերն են, և տարօրինակ կլիներ, եթե մենք աջակցեինք կամ դեմ լինեինք ուրիշ երկրում տեղի ունեցող հեղափոխությանը», - ասված է հեռուստաընկերության պատասխանում:
«Միևնույն ժամանակ, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների բոլոր մասնակիցների պահվածքը մեր խմբագրության մոտ հարգանքի զգացում է առաջացնում։ Մենք աջակցում ենք բոլորին, ով հարգում է մարդկային կյանքը, և հարգում ենք մի ժողովրդի, որն ինքնուրույն է կերտում իր ապագան։ Այդ պատճառով, անկախ մեր քաղաքական հայացքներից, ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ տեղադրել ենք մեր լոգոտիպի վրա ձեր երկրի դրոշը», - «Ազատության» հարցմանը պատասխանել է «Դոժդ» հեռուստաընկերությունը։
«Դոժդ»-ը ռուսական լրատվամիջոցներից թերևս ամենաակտիվն է լուսաբանել հայաստանյան իրադարձությունները։ Ամեն երեկո հեռուստաընկերության հիմնական նորությունների գլխավոր թեման էր հայկական թավշյա հեղափոխությունը, թեման քննարկելու համար հրավիրվում էին ռուսաստանցի վերլուծաբաններ։
Հավելենք, որ Կրեմլի կողմից վերահսկվող պետական հեռուստաընկերությունները մեծամասամբ պասիվ են լուսաբանել հայկական թավշյա հեղափոխությունը և չեզոք դիրքորոշում են որդեգրել, ինչը մեծ զարմանք է առաջացրել ռուսաստանցի անկախ փորձագետների մոտ: Փորձագետներն ակնկալում էին, որ այդ հեռուստաընկերությունները դեմ կլինեն ցանկացած հեղափոխության, կսկսեն համեմատականներ տանել, իրենց իսկ բնորոշմամբ՝ «Արևմուտքի կողմից ֆինանսավորվող» վրացական կամ ուկրաինական «գունավոր հեղափոխությունների» հետ։