Միջազգային ճգնաժամային խումբը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, դիտարկել է նաև Ղարաբաղի գործոնը, հնարավոր համարելով, որ Հայաստանի անկայունությունը կարող է նպաստել լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Մագդալենա Գրոնոյի մայիսի 3-ի հրապարակումը նաև դիտարկում է երեք վտանգավոր սցենար:
Ըստ դրանցից առաջինի, վախենալով Ադրբեջանի ներխուժումից՝ Լեռնային Ղարաբաղի հրամանատարները հնարավոր է մտածեն, թե ստիպված են առաջինը կանխարգելիչ հարված հասցնել, ինչը քննարկում էին 2016-ից սկսած: Նման հարձակում հնարավոր է տեղի ունենա, եթե հրամանատարները կարծեն, թե դա իրենց վերջին շանսն է 2016-ի ապրիլյան պատերազմում կորցած երկու փոքր շերտով տարածները վերադարձնելու համար: Կանխարգելիչ հարվածը կարող է լինել նաև Երևանի էլիտայի քաղաքական ռազմավարության մի մասը, որպեսզի չկորցնեն տարանջատված ժողովրդին համախմբելը:
Երկրորդ սցենար՝ Ադրբեջանը ինքը կարող է փորձել օգտվել Հայաստանի անհանգիստ իրավիճակից ու հարձակման անցնել հակամարտության գոտում: Մայիսի 1-ին պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ասել է, թե «պետք է օգտվել հնարավորությունից մեր տարածքները ազատագրելու համար»: Հիշեցնելով ադրբեջանցի պատգամավորի խոսքերը, Միջազգային ճգնաժամային խումբը միաժամանակ նշում է, որ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, այնուամենայնիվ, ձեռնպահ են մնացել ռազմատենչ սովորական հռետորաբանությունից, ինչը դրական նշան է համարվում: Ադրբեջանի որոշ առաջնորդների կարծիքով՝ իրենց երկրների համար ավելի լավ կլինի, եթե թողնեն, որ հակառակորդ Հայաստանը ընկղմվի քաղաքական ճգնաժամի մեջ: Իսկ ադրբեջանցի վերլուծաբանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը ասես ցնցված է Հայաստանի բողոքի շարժումից ու Սերժ Սարգսյանի հրաժարականից, որը, թվում է, ձեռք բերվեց շատ թեթևությամբ:
Երրորդը՝ մնում են ռիսկերը, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա կարող է տեղի ունենալ նաև կողմերի մտադրությունները սխալ պատկերացնելու պատճառով: Այս վտանգը հատկապես սրվում է լարվածության ժամանակ, նշված է զեկույցում:
Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ բոլոր կողմերը պետք է խուսափեն որևէ քայլից, որը կարող է լարվածության հանգեցնել, և բաց պահեն քաղաքական ու դիվանագիտական ուղիները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Եվրամիությունը բոլոր կողմերին պետք է զգուշացնեն, թե որքան մահաբեր կարող է լինել մարտական գործողությունների վերսկսումը, և հաշվի առնելով Հայաստանի քաղաքական ճգնաժամը՝ Մինսկի խմբի համանախագահները գոյություն ունեցող շփումներից զատ պետք է Նիկոլ Փաշինյանի հետ զրույց ունենան Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության ռիսկերի վերաբերյալ: