Ռուսաստանի քաղաքացիների կողմից Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու հայտերը անցած տարի հասել են 24 տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշին: ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տրամադրված վիճակագրությամբ, որը պաշտոնապես դեռ չի հրապարակվել, 2017 թվականին Նահանգներում ապաստան ստանալու համար առաջին անգամ դիմած ռուսաստանցիների թիվն անցել է 2 հազար 600-ից, ինչը մոտ 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Վիճակագրությունը միաժամանակ փաստում է, որ Ռուսաստանից ստացված դիմումները սկսել են էականորեն ավելանալ 2012-ից, երբ Վլադիմիր Պուտինը վերադարձավ Կրեմլ՝ երրորդ անգամ ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը:
Մյուս կողմից, ըստ նույն վիճակագրության, Պուտինի պաշտոնավարման վերջին 5 տարիներին Ռուսաստանից ստացված հայտերի թիվը կրկնապատկվել է և առաջին անգամ գերազանցել նույնիսկ ետխորհրդային առաջին տարիներին արձանագրված ռեկորդը: 1994-ին, մասնավորապես, Նահանգներում ապաստան ստանալու դիմում էր ներկայացրել մոտ 2 հազար 100 ռուսաստանցի, անցած տարի՝ 600-ով ավելի:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով տարեցտարի ավելացող այս վիճակագրությանը, հայտարարել է՝ Կրեմլում այդ թվերին չեն հավատում: «Հիմա մի ծով սուտ տեղեկատվություն է տարածվում, ամեն ինչին պետք է ուշադրությամբ մոտենալ, և հընթացս դրանց հավատալ թերևս չարժե», - ասել է նա:
Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը չի հրապարակում՝ ինչ պատճառներ են նշել ռուսաստանցիները իրենց դիմումներում, սակայն հայտնի է, որ ապաստան տրվում է, երբ ներկայացվում են հիմնավոր փաստեր, որ դիմումատուները հայրենիքում հետապնդման են ենթարկվում՝ ռասայական, կրոնական, ազգային կամ քաղաքական հայացքների պատճառով:
Իրավաբանների խոսքով՝ դիմումների թվի աճը մասամբ պայմանավորված է Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ 2013 թվականին ընդունված օրենքով: Մյուս կողմից, ըստ ներգաղթի հարցերով զբաղվող փաստաբանների, ապաստան հայցողների մեջ մեծ թիվ են կազմում ձեռներեցները, որոնք պնդում են, թե հայրենիքում հետապնդման են ենթարկվում իշխանությունների կողմից:
Նյու Յորքում աշխատող փաստաբան Բորիս Փալանտը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ իր ձեռքի տակ նման բազմաթիվ գործեր կան. հայտատուներից մեկը բանկիր է, մյուսները՝ երիտասարդ գործարարներ, որոնց դեմ Ռուսաստանում շինծու քրեական գործեր են հարուցված:
Նյու Յորքում գործող մեկ այլ փաստաբան՝ Էնդրյու Ջոնսոնն էլ «Ազատությանը» պատմել է, որ անցած տարի իրենց գրասենյակը 25-30 նոր դիմում է ստացել ռուսաստանցիներից, որոնց կեսը պնդում են, թե իրենց հետապնդում են հայրենիքում քաղաքական հայացքների, մասնավորապես՝ Պուտինին ու նրա կառավարությանը քննադատելու համար:
Ավելի վաղ՝ այս տարեսկզբին, հրապարակվել էր Ռուսաստանի նախագահին կից Ազգային տնտեսության ու հանրային վարչարարության ակադեմիայի զեկույցը, ըստ որի՝ ամեն տարի Ռուսաստանից հեռանում է մոտ 100 հազար քաղաքացի, որոնց 40 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն:
Նույն ինստիտուտի փորձագետները հարցում էին անցկացրել՝ պարզելու, թե ինչու են ռուսաստանցիները երկրից հեռանում: Արտագաղթողների մեծ մասը պնդել էր, թե պատճառը տնտեսական դժվարություններն են, որ սկիզբ են առել 2014-ից՝ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների արդյունքում, 25 տոկոսն ասել էր, որ հեռացել է Ռուսաստանից քաղաքական իրավիճակի, այդ թվում՝ Պուտինի հերթական վերընտրության պատճառով: