Ինչպես «Ազատությանը» փոխանցեց պատգամավոր Արարատ Միրզոյանը («Ելք»), Փաշինյանի թեկնածությունը առաջադրել են «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունների 41 պատգամավորներ:
«Նիկոլ Փաշինյանին առաջադրում են երեք խմբակցությունների պատգամավորներ, բայց Նիկոլ Փաշինյանը եղել և մնում է Հայաստանի քաղաքացիների թեկնածուն», - հավելեց Արարատ Միրզոյանը:
Մայիսի 1-ին կայացած ընտրություններում առաջադրված միակ թեկնածու Փաշինյանը խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետականի «դեմ» քվեարկության արդյունքում չստացավ բավարար թվով ձայներ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար:
ԱԺ կանոնագարգով, վարչապետ չընտրվելու դեպքում վարչապետի նոր ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները: Ընտրությունը մայիսի 8-ին է։
Իշխող Հանրապետականը այս անգամ վստահեցրել է, որ չի խոչընդոտելու, ավելին՝ աջակցելու է, որպեսզի Փաշինյանը ընտրվի վարչապետի պաշտոնում:
«Գուցե իրենց վրա կան անհատապես ճնշումներ նախկին կամ նախկինի նախկին զանազան գործիչների կողմից: Հանրությունը էդպիսի լուրեր ունի: Այս պահին հայտարարված է, որ այո, սատարելու են: Հուսով եմ, որ այդպես կշարունակեն սթափ գնահատել: Բայց որևէ սցենար չկա, որը չի ավարտվելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով: Որովհետև այդպես է ուզում Հայաստանի ժողովուրդը», - նշեց Միրզոյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի վստահեցումներին, ասաց՝ ուզում է ակնկալել, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում անակնկալներ չեն լինի․ - «Ես մեկ բանում եմ վստահ, որ քաղաքական ուժը, քաղաքական ուժի ղեկավարներից մեկը եթե ինչ-որ բան ասում է, ապա դա նաև տվյալ քաղաքական ուժի արժանապատվության և քաղաքական գրագետ վարքագծի պատասխանատվության խնդիրը պիտի լինի: Մնացածը կապրենք՝ կտեսնենք»:
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը այսօր անդրադարձավ Հանրապետականից հնչող հայտարարություններին՝ նաև շեշտելով, որ եթե անհրաժեշտություն լինի, շարունակելու են իրենց գործողությունները․ - «Ես հույս ունեմ, որ նման իրավիճակ չի կրկնվի, բայց էլի եմ ասում՝ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի»:
Ավելի ուշ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որից հետո Ֆեյսբուքում տեսաուղերձ հրապարակեց․ - «Քիչ առաջ ես հանդիպում ունեցա Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և նա մեր զրույցում վերահաստատեց, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում։ Իհարկե, այդ հայտարարությունները արդեն հրապարակային արված էին մինչև մեր հանդիպումը հեռուստատեսությամբ, տարբեր լրատվամիջոցներով, բայց նաև անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը կարևոր եմ համարում»:
Ապագա կառավարությունում համագործակցության մասին թե՛ Փաշինյանը, թե՛ նրան վարչապետ առաջադրվելու հարցում աջակցած ուժերը դեռ չեն խոսում:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ իրենք միացել են համաժողովրդական շարժմանը առանց նախապայմանի․ - «Ցանկացած բանակցություն կարող է լինել միայն ամսի 8-ին խորհրդարանում սահմանադրական ճանապարհով տվյալ հարցի իրավական հանգուցալուծումից հետո»: