Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Երևանի HSBC բանկի՝ Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հետևանքով երկու մարդ է սպանվել։ Նրանցից մեկը՝ բանկի անվտանգության աշխատակիցը տեղում է մահացել, իսկ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձը ոստիկանության գնդապետ է՝ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը, ով համակարգում է ավելի քան 25 տարի։
Մանրամասներ է ներկայացնում Երևանի ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը։ «Անձին տեղում ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության բաժին, ներկայումս կատարվում է նախաքննություն»,- ասաց Պողոսյանը, հավելելով, որ կասկածյալի հնարավոր գործակցի կամ գործակիցների մասին «այս պահի դրությամբ» տեղեկություն չունեն:
Ըստ ոստիկանության՝ դանակով, նռնակով և հրացանով զինված Դանիել Դանիելյանը միայնակ ներխուժել է բանկ, սպանել բանկի անվտանգությունն ապահովող աշխատակիցներից մեկին, վիրավորել մյուսին, հափշտակել է գումար ու դիմել փախուստի։ Բանկից մի քանի մետր հեռու՝ Գյուլբենկյան փողոցի թիվ 37 շենքի մոտ փողի տոպրակով և զենքով վազող քաղաքացուն, ականատեսների վկայությամբ, վնասազերծել են տեղի բնակիչները։
«Դեպքին ականատես եղա էն ժամանակ, երբ գողը հասցրել էր ոստիկանին կրակել, մենք փորձում էինք ոստիկանին օգնություն ցուցաբերել, հետո արդեն մեզ միացան ոստիկանները, նրանք վիրավոր ոստիկանին տեղափոխեցին հիվանդանոց: Հետո տեսանք, որ մի խումբ քաղաքացիներ էստեղ բռնել են գողին:
Իմ պատկերացմամբ՝ 50-ից 60 տարեկան տղամարդ էր, մի փոքր գեր: Փողերը տեսա արդեն գետնին թափված վիճակում»,- «Ազատությանը» պատմեց ականատեսներից մեկը: Մեկ ուրիշն էլ պատմեց, որ կրակոցների ձայն են լսել ու միանգամից դուրս եկել, «տեսանք արդեն [կասկածյալը] գետնին ընկած ա»: «Թաղի տղաներն էին, որ նրան բռնեցին, տապալեցին գետնին, հետները մի հատ էլ ոստիկան կար»,- պատմեց մեկ այլ ականատես:
HSBC բանկի` Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ձերբակալված է։