Հայաստանում ապրիլի 13-ից արձանագրվել է ինտերնետային տրաֆիկի կտրուկ աճ՝ կապված ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ուղիղ հեռարձակումների և ինտերնետային վիդեո դիտումների աճով։
Հատկապես մարտի 13-ից 16֊ը ընկած ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում դժգոհություններ կային այն մասին, որ հնարավոր չէ դիտել ուղիղ հեռարձակումները կապի անբավարարության պատճառով՝ մասնավորապես Հայաստանի խոշորագույն ինտերնետ ծառայություն մատուցող Ucom֊ի ցանցում։ Ավելի ուշ՝ ապրիլի 22-23-ին, Հանրապետության հրապարակում մարդկանց կուտակումների հետ կապված բջջային հեռախոսները հաճախ անհասանելի էին դառնում, իսկ դրանցից ֆեյսբուքյան հեռարձակում իրականացնող բազմաթիվ քաղաքացիների մոտ խափանվում էր շարժական ինտերնետ կապը։
Այս առնչությամբ Ucom ընկերությունից «Ազատությանը» տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, ապրիլի 22-ին և 23-ին ընկերության ցանցում սպառված ինտերնետի ծավալը եռապատկվել է՝ հասնելով 260 գիգաբիթ/վայրկյան առավելագույն արժեքին, մինչդեռ մինչև այդ ընկերության ցանցում պիկ-ժամերին ինտերնետ տրաֆիկի սպառումը չէր գերազանցում 80-90 գիգաբիթ/վայրկյանը։
«Տրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է տրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30 տոկոս ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին տրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինում մոտ 300 տոկոսով», ֊ ասված է ընկերության պարզաբանման մեջ։
Ucom֊ից նաև վստահեցրել են, որ այդ օրերին տեխնիկական ստորաբաժանման մասնագետներն աշխատել են արտակարգ ռեժիմով։
Ֆիքսված և շարժական ինտերնետային ծառայություններ մատուցող մյուս խոշոր ընկերությունից՝ Beeline֊ից, ինտերնետի սպառման ծավալների մասին տվյալներ չեն տրամադրել, սակայն նշել են, որ ապրիլին «Beeline բջջային ինտերնետի սպառման ընդհանուր ծավալը մարտ ամսվա համեմատ աճել է 5 տոկոսով»։
Հայաստանի խոշորագույն բջջային օպերատորի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ևս ինտերնետային տրաֆիկի սպառման կտրուկ աճ է արձանագրվել ապրիլի 12-13-ից՝ հասնելով իր պիկային սահմանին ապրիլի 22-23-ին:
«Ապրիլի վերջին 2 շաբաթների ընթացքում պիկային ժամերին բջջային ցանցում արձանագրվել է տրաֆիկի շուրջ եռակի աճ (համեմատած նախորդ ամսվա ցուցանիշների հետ): Ֆիքսված ցանցում նույն ժամանակահատվածում արձանագրվել է տրաֆիկի կրկնակի աճ», - «Ազատությանը» տեղեկացրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ից, - «Ինտերնետ տրաֆիկի կտրուկ աճ նկատվել է սկսած ապրիլի երկրորդ շաբաթվանից՝ պայմանավորված հատկապես YouTube-ում տեսանյութեր դիտելու և Live հեռարձակումների պահանջարկի կտրուկ աճով: ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեղադրված Google cache-ը թույլ է տվել հնարավորինս անխափան իրականացել YouTube-ի Live հեռարձակումները, իսկ վիդեոդիտումների ընդհատումներից խուսափելու համար, ստեղծված աննախադեպ իրավիճակից ելնելով, ավելացվել է կապուղիների թողունակությունը»:
Հատկապես ապրիլի 22-ից, երբ հանրահավաքների կազմակերպման հետ կապված Երևանի Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ կուտակումներ էին առաջանում, բջջային բոլոր օպերատորները քայլեր են ձեռնարկել այս տարածքում իրենց ցանցերը հզորացնելու ուղղությամբ։
Ucom ընկերությունից էլ տեղեկացրել են, որ Հանրապետության հրապարակի տարածքը սպասարկող բջջային կայանի վրա լրացուցիչ անտենաներ ու ռադիո սարքավորումներ են ավելացվել, դեպի հրապարակ են թեքվել հարևան տարածքներն սպասարկող մի քանի կայանների անտենաներ, և «ըստ էության, ներկայումս Հանրապետության հրապարակի տարածքն սպասարկող ցանցի թողունակությունը 2.5 անգամ ավելի է, քան 2 ամիս առաջ»։
Beeline֊ից, «Ազատությանը» տեղեկացրեցին, որ «այդ նպատակով օգտագործվում են բոլոր հասանելի տեխնիկական հնարավորությունները և մարդկային ներուժը»։
Վիվասել֊ՄՏՍ-ից այս առնչությամբ պարզաբանել են, որ բջջային ցանցը Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում աշխատել է գերծանրաբեռնված պայմաններում, և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմն իրականացրել է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով:
«Այնուամենայնիվ, Հանրապետության հրապարակում բջջային ցանցի ծայրահեղ գերծանրաբեռնվածության պայմաններում՝ եղել են կապի որոշակի խափանումներ, ինչի վերաբերյալ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայցելով բաժանորդների ներողամտությունը», - պարզաբանել են Վիվասել-ՄՏՍ-ից՝ շեշտելով, որ անցած օրերի ընթացքում ընկերությունն իրականացրել է կապուղիների թողունակության ավելացում: