«Ազատությունը» զրուցել է Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Ազատություն»․ - Բազմաթիվ կասկածներ են հնչում, որ գուցե Հանրապետականը նպատակ չունի Փաշինյանի թեկնածությունը սատարելու: Ես կխնդրեի հստակեցնեք՝ պատրա՞ստ եք արդյոք մայիսի 8-ին քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին:
Շարմազանով․ - Խմբակցության հայտարարություն կա, որտեղ նշվում է՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ: Աջակցել նշանակում է, որ կապահովի, որպեսզի վարչապետի թեկնածուն ունենա 53 ձայն կամ միգուցե ավել, որպեսզի դառնա վարչապետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ բոլորը պիտի միասնական կողմ քվեարկեն: Ես չեմ կարծում, որ այո, որովհետև պալիտբյուրոն չի, ոչ էլ Բրեժնևին ենք ընտրում, որ միաձայն ընտրենք: Սա իմ անձնական տեսակետն է, բայց, կարծում եմ, էականը նա է, որ չգնանք քաղաքական ճգնաժամի խորացմանը և առճակատմանը: Մայիսի 8-ին Հանրապետական խմբակցությունը․ միգուցե էլի ունենալով իր քաղաքական դիրքորոշումները, տեսլականը, նաև չտեսնելով Փաշինյանին վարչապետի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, այնուհանդերձ չի խոչընդոտի: Ավելին, ոչ թե չի խոչընդոտի, այլ նաև կաջակցի իր ձայներով: 45 ձայն իրենք ունեն, կապահովենք, որպեսզի ունենանք վարչապետ»:
«Ազատություն»․ - Պարզապես անուն գրված չէր, դրա համար մարդկանց մոտ կասկածներ էին առաջանում:
Շարմազանով․ - Անուն գրված չէր, քանի որ մենք չգիտեինք, թե ով է ունենալու մեկ երրորդը: Այն, ինչ որ մենք գրել ենք, մենք գրել ենք սահմանադրական նորմ․ որ պատգամավորը կունենա մեկ երրորդի ձայն, մենք պատրաստ ենք աջակցել: Կարող է Նիկոլ Փաշինյանին չէին բերում, բերում էին Արամ Սարգսյանին կամ Սասուն Միքայելյանին․․․ Մենք սա գրել ենք, որ որևէ անձի հետ խնդիր չունենք: Մենք որևէ անձի դեմ չենք պայքարում: Հենց խնդիրը դա է, որ անկախ նրանից, թե ում կբերեն, մենք պատրաստ ենք աջակցել»:
«Ազատություն»․ - Հիմա արդեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը հստակ է:
Շարմազանով․ - Եթե Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն Փաշինյանին կաջակցեն, և մայիսի 8-ին, ինչպես գրված է առաջին կետում Հանրապետական խմբակցության հայտարարության մեջ, որը ընթերցեց խմբակցության ղեկավարը, մենք կունենանք վարչապետ:
«Ազատություն»․ - Դուք ասում եք, որ այնպես չէ, որ մայիսի 8-ին միասնական քվեարկություն է լինելու, միաձայն քվեարկություն է լինելու: Արդյո՞ք սա նշանակում է, որ այն պատգամավորները՝ այդ թվում նաև Դուք, ովքեր մայիսի 1-ին ելույթ ունեցան և նշեցին այն մտահոգությունները, որոնք ստիպում են դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Կոնկրետ Դուք ձեր այդ դիրքորոշումները պահպանո՞ւմ եք:
Շարմազանով․ - Կոնկրետ ես՝ այո: Դուք գիտեք իմ տեսակետը, և իմ տեսակետը չի փոխվել: Եվ դա բացարձակապես անձնական չէ, դա քաղաքական դիրքորոշում է, և ես շարունակելու եմ պաշտպանել այդ քաղաքական դիրքորոշումը ապագա ծրագրերի հետ կապված, ապագա Ընտրական օրենսգրքի հետ կապված․․․ Ես անձնապես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ մայիսի 1-ին:
«Ազատություն»․ - Այսինքն դեմ: Կարո՞ղ ենք ասել, որ Հանրապետականի բոլոր պատգամավորները, ովքեր մայիսի 1-ին ելույթ ունեցան և նշեցին, թե ինչու չպետք է Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, և դրանից հետո դեմ քվեարկեցին, նրանք նաև մայիսի 8-ին հանդես կգան նույն դիրքորոշմամբ:
Շարմազանով․ - Ես կարծում եմ, դա չի էականը: Էականը նա է, թե Հանրապետականը խոչընդոտելու է թե ոչ: Հանրապետականը չի խոչընդոտելու, ավելին՝ աջակցելու է: Ձայներ են պակասում, որպեսզի ունենանք վարչապետ, այդ ձայները Հանրապետական կապահովի, ինչպես գրված է հայտարարության մեջ։ Ես չեմ կարծում, որ որևէ վարչապետի թեկնածությանը պետք է միաձայն քվեարկեն բոլորը: Նույնիսկ Սերժ Սարգսյանը ընդամենը 77 ձայն էր ստացել: Քաղաքականությունը բազմակարծություն է: Մենք ո՞ւր ենք գնում՝ դեպի ժողովրդավարության զարգացո՞ւմ, թե՞ դեպի տոտալիտարիզմ ու դիկտատուրա:
«Ազատություն»․ - Այդ ծանր բեռը կողմ քվեարկողների ո՞ւմ վրա է դրվելու:
Շարմազանով․ - Ծանր բեռ չի․․․ Ողջ խմբակցության:
«Ազատություն»․ - Դուք վստահեցնում եք, որ որևէ խնդիր չի լինի, թեև հանրությունը շարունակում է կասկածներ ունենալ, որ Հանրապետական կարող է վերջին պահին փոխել իր դիրքորոշումը, ինչպես եղավ այս դեպքում․․․
Շարմազանով․ - Ներողություն, Հանրապետական ե՞րբ է փոխել իր դիրքորոշումը:
«Ազատություն»․ - Ամսի 1-ին մերժեցիք, հետո ամսի 3-ին ասացիք, որ պատրաստ եք քվեարկել:
Շարմազանով․ - Ամսի 1-ին չենք մերժել, ամսի 1-ին քվեարկել ենք մեր քաղաքական համոզմունքով և ցույց ենք տվել, որ Հանրապետականում չկա առնետավազք: Ամսի 8-ին քվեարկելու ենք Հայաստանի Հանրապետությունում առճակատման դեմ:
«Ազատություն»․ - Մի կողմ դնելով ձեր սկզբունքնե՞րը:
Շարմազանով․ - Մի կող դնելով շատ-շատ բաներ:
«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ երբ որ իրական իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանի ձեռքին, դրանից հետո կսկսվի իրական առնետավազքը:
Շարմազանով․ - Քաղաքական թիմից՝ բացառում եմ, քաղաքական գործիչներից՝ բացառում եմ: Իսկ առհասարակ կյանքում որևէ բան չեմ բացառում: Կյանքը գեղեցիկ է սյուրպրիզներով:
«Ազատություն»․ - Ասենք, օլիգարխները անցնեն Փաշինյանի․․․
Շարմազանով․ - Դա իրենց իրավունքն է․․․ Ով որ կանցնի, կգնաք հարց կտաք, կասեք՝ ի՞նչ է փոխվել Ձեր գաղափարական դիրքորոշումներում:
«Ազատություն»․ - Մտավախություն չունե՞ք, որ ձեր քաղաքական թիմով փոքրամասնություն կդառնաք անգամ ձեր խմբակցության ներսում:
Շարմազանով․ - Մեր խմբակցության ներսում մենք չենք կարող լինել փոքրամասնություն: