Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրեցին «Ելք» խմբակցությունից։

Ավելի ուժ Ազգային ժողովից հաղորդագրություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:

«Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: