Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը։ Գրանցվել է 66 պատգամավոր։
Նիստի օրակարգում նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցն է։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այդ պաշտոնում ներկայացնում է Էմիլ Բաբայանի թեկնածությունը։
Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Նշենք, որ ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանը այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը դատարանում փոխարինել էր Կիմ Բալայանին:
Նշենք, որ այսօրվա նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց. - «Քաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ կապված «Ծառուկյան» խմբակցությունն այս չորսօրյա աշխատանքներին կմասնակցի»։
Հիշեցնենք՝ երեկ քվորում չլինելու պատճառով Ազգային ժողովի նիստը տապալվեց։ 105 պատգամավորից գրանցվել էր 33-ը։
Վահե Էնֆիաջյանը «Ծառուկյան» խմբակցության անունից «քաղաքական բոյկոտ» հայտարարեց։
«Երկրում աննախադեպ վիճակ է, և «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ և այս չորսօրյա աշխատանքներին չի մասնակցելու», - ասաց Էնֆիաջյանը։
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Երեկ առավոտից ցուցարարները փակել էին Երևանի կենտրոնական փողոցները, դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը, այլ ավտոճանապարհներ, փակ էր մայրաքաղաքի մետրոպոլիտենը:
Երեկ երեկոյան Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է սատարել խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Ավելի ուշ «Ազատության» հարցին, թե «կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, որ Փաշինյանի առաջադրման դեպքում իշխող Հանրապետականը կսատարի նրա թեկնածությունը», Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. - «Բնականաբար կարող եք արձանագրել»։
Երեկվա հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. - «Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք հետևյալ սցենարը․ վաղը մենք ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում, և դուք հանգստանում եք: Մենք Ազգային ժողովում աշխատում ենք, և փորձում ենք հավաստիանալ, որ այդ հայտարարությունները, որոնց մասին ես ասացի՝ մասնավորապես ՀՀԿ-ի մասով, երաշխավորված են»։
Նշենք, որ Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: