«Իմ ընկեր Զուրաբ Ժվանիան ասում էր, որ ամենալավ վիճակագրությունը՝ սառնարանն է: Բացում ես մարդկանց սառնարանը և հասկանում երկրի սոցիալ տնտեսական վիճակը»,- այսօր խորհրդարանին ուղղված իր տարեկան ելույթում ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Նա քննադատել է կառավարությանը, ասելով որ կառավարությունը անտեսում է կրթության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների խնդիրները, խոշոր ընկերությունները գերիշխում են փոքրերի հաշվին, բավարար աշխատատեղեր չկան, մամուլը գտնվում է ճնշումների տակ:
Նա խոսքերով՝ 2016 թվականի ընտրություններով կառավարությունը մոնոպոլիզացրել է իշխանությունը և փորձում է խարխլել քաղաքական դաշտը:
Մարգվելաշվիլին կառավարությանը կոչ է արել չտրվել Ռուսաստանի սադրանքներին, առիթներ չստեղծել Վրաստանի դեմ ուժ կիրառելու հնարավորության համար:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին քննդատել է նախագահի ելույթը: Նա ասել է, որ կառավարությունը երբեք չի հերքել նախագահի նշած խնդիրները, իր բոլոր ջանքերով փորձել է լուծել դրանք, իսկ նախագահից ավելի բովանդակալից ելույթ էր ակնկալում: