Գևորգ Կոստանյանը դժվարանում է ասել, թե որն է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը

Հանրապետականները դեռևս չեն քննարկել՝ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում կառաջադրեն իրենց թեկնածուին, թե՞՝ ոչ։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ երբ որ քննարկվի, էդ մասին կտեղեկացնեն։

«Ազատություն». - Ստեղծված իրավիճակից ինչպե՞ս եք ելք տեսնում, հնարավո՞ր է նոր թեկնածու առաջադրի իշխող Հանրապետականը։

Գևորգ Կոստանյան. - Չգիտեմ, դեռևս էդ հարցերը չի քննարկվել, երբ որ քննարկվի, նոր դուք էդ մասին կտեղեկանաք։ Ես էս պահին տեղեկություն չունեմ։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործընկերոջ՝ Ֆելիքս Ցոլակյանի քայլը, նա միակն էր, որ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։ Հնարավո՞ր է, որ մեկ շաբաթ հետո նոր հանրապետականներ միանան համաժողովրդական շարժմանը և պաշտպանեն Փաշինյանի թեկնածությունը։

Գևորգ Կոստանյան. - Կանխատեսումներ ես երբեք չեմ արել ու չեմ անի։

«Ազատություն». - Մի անգամ արեցիք, իրականություն դարձավ՝ ասացիք, որ որևէ մեկը չի քվեարկի Փաշինյանի օգտին։

Գևորգ Կոստանյան. - Դա կանխատեսում չէր, դա տեղեկատվություն էր, իսկ Ձեր ասածը հիմա կանխատեսում է, որը ես չեմ ընդունում։

«Ազատություն». - Խնդրում եմ ներկայացրեք՝ ինչպիսի ելք եք տեսնում. Հանրապետականի կողմից փոխզիջումը ո՞րը պետք է լինի, հրապարակում հավաքվածների և Նիկոլ Փաշինյանի կողմից փոխզիջումը ո՞րը պետք է լինի։ Ի վերջո դուք ունե՞ք տեսլական, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Մարդիկ արդեն գնում են Հանրապետական պատգամավորների տների դռների առջև տարբեր ակցիաներ են իրականացնում։ Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում քաղաքում։

Գևորգ Կոստանյան. - Բարդ իրավիճակ է և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ես չունեմ։

«Ազատություն». - Այսինքն՝ մենք հիմա փակուղո՞ւմ ենք գտնվում, պարոն Կոստանյան։

Գևորգ Կոստանյան. - Ես պատասխանը չունեմ, ես ոչ թե գտնում եմ, որ լուծում չկա, այլ ես Ձեր հարցերի պատասխանը չեմ կարող տալ։

«Ազատություն». - Մեկ շաբաթ առաջ «Ազատության» հետ զրույցում Դուք բացառեցիք, որ իշխող Հանրապետական խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին և դա իրականություն դարձավ։ Հիմա նույն պնդումը կարո՞ղ եք անել մեկ շաբաթ հետո տեղի ունենալիք քվեարկության համար։

Գևորգ Կոստանյան. - Մինչև մյուս քվեարկությունը, ճիշտ եք ասում, դեռևս մեկ շաբաթ կա, հետո կխոսենք։

«Ազատություն». - Կարո՞ղ են փոփոխություններ լինել Հանրապետականների դիրքորոշման մեջ։

Գևորգ Կոստանյան. - Դիրքորոշումների հետ կապված ինձ համար մի քիչ դժվար է կանխատեսումներ անելը, Դուք այս ամբողջ ընթացքում տեսել եք, որ ես կուսակցական որոշումներին իրոք չեմ մասնակցել, որովհետև ես կուսակցական չեմ, եթե ես կուսակցական լինեի, իհարկե կմասնակցեի, իմ կարծիքն էլ կպնդեի, հետևաբար ինձ համար հիմա դժվար է էդ հարցին պատասխանելը։ Դուք հիմա ինձնից ակնկալում եք պատասխաններ, որոնք օբյեկտիվորեն ինձնից մի քիչ դժվար է ակնկալել։

«Ազատություն». - Մեկ մարդու կողմի՞ց է, պարոն Կոստանյան այդ որոշումը կայացվում, հետո այդ որոշումն իջեցվում է խմբակցություն։

Գևորգ Կոստանյան. - Դա կուսակցություն է, կուսակցության առաջնորդն էլ Սերժ Սարգսյանն է, բայց դա չի նշանակում, որ որոշումները կայացվում է հենց միայն Սերժ Սարգսյանի կողմից։ Կուսակցություն է իր կոլեգիալ ղեկավարման համակարգով, և այդ կոլեգիալ ղեկավարման համակարգն էլ որոշումները կայացնում է, ոչ մի խնդիր այստեղ չկա։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք առավել հավանական համարել, որ Հանրապետականը հակված է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ի վերջո, եթե երկրորդ անգամ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովը լուծարվում է և խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Կարո՞ղ ենք ասել, որ այս ճանապարհն է, ըստ էության, Հանրապետականը բռնել։

Գևորգ Կոստանյան. - Ես չեմ կարծում, որ նման հետևության հանգելու համար բացարձակ հիմքեր կան, բայց ես չեմ էլ կարող դա բացառել։ Դրանք սահմանադրական լուծումներ են, որոնք պահանջում են քաղաքական գնահատական, այսինքն՝ դա քաղաքական նպատակահարմարության հարց է ավելի շատ կարող եմ ասել, որովհետև իրավական լուծումներ կան բոլոր հնարավոր տարբերակների համար, բայց դրանցից յուրաքանչյուրի ընտրությունն ընդամենը քաղաքական նպատակահարմարության հարց է, որը ես չեմ կարող պատասխանել։

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:

Այսօր առավոտից ցուցարարները փակել են Երևանի կենտրոնական փողոցները, դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճանապարհը, այլ ավտոճանապարհներ, փակ է մայրաքաղաքի մետրոպոլիտենը:

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: