Գործադուլին միացել են նաև «Երևան Սիթի» սուպերմարկետի որոշ աշխատակիցներ

ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի որոշ աշխատակիցներ այսօր գործադուլ են հայտարարել:

Մաշտոցի պողոտան, որ առավոտից կաթվածահար վիճակում էր, փակել էին նաև նախկին Փակ շուկայի տեղում գտնվող «Երևանի Սիթի» սուպերմարկետի աշխատողները:

Հիշեցնենք, քաղաքացիական անհնազանդության ակցիաների մեկնարկի ժամանակ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը ոտքով հարվածում փողոցը փակած ցուցարարի մեքենային: Չնայած այս դրվագին՝ փողոց դուրս եկած ցուցարարները վստահեցնում էին, որ չեն վախենում հաշվեհարդարից:

«Երևան Սիթիի» աշխատակից Հասմիկ Մնացականյանն ասաց, որ երեկվա իրադարձություններից հետո, երբ ժողովրդի թեկնածու Փաշինյանը չընտրվեց վարչապետ Ազգային ժողովում, դժվար էր այսօր աշխատանք գալ ու աշխատել: Վաճառքի բաժնում աշխատող Կարենն էլ ասաց, թե չի վախենում կորցնել աշխատանքը, իր իրավուքնների պաշտպանության համար է փողոց դուրս եկել:

Հարցին, թե չեն վախենում արդյոք, որ կազատվեն աշխատանքից, սուպերմարկետի աշխատակիցներից մեկը «Ազատությանն» ասաց․ - «Թող հանեն, ոչինչ: Մեր ղեկավարների ցավն էլ տանեմ: Իրանք էլ են հայ, բայց հիմա գլխի չեն, թե ինչ ա կատարվում երկրում: Էդ կոպեկների համար մենք ոչ մեկս արդեն չենք վախենում»:

«Երևան Սիթի»-ում աշխատանքը չէր դադարել, բայց և՛ գնորդներն էին քիչ, և՛ աշխատողները: Վերջիններս տեսախցիկից խուսափում էին, գործադուլի մասին հարցերին չէին պատասխանում, սակայն մատնացույց արեցին գործադիր տնօրենին, որն ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, թե ինքը խանութում չի աշխատում:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում Մաշտոցի պողոտայում տեղակայված «Երևան Սիթիի»՝ Փակ շուկա կոչվող մասնաճյուղի աշխատակիցը, որը պատասխանում է հեռախոսազանգերին և ներկայացավ որպես Վարդան, չբացառեց, որ որոշ աշխատակիցներ աշխատանքի չեն ներկայացել՝ ենթադրելով, թե պատճառը գուցե փակ փողոցներն են, ոչ թե գործադուլը:

Վարդանը նաև ասաց․ - «Ինքը հերթափոխով խանութ է, և կարող է մի հերթափոխ, որը հիմա աշխատանքի չի, մասնակցում է ցույցին: Ուրիշ բան չեմ կարող ասել էս պահին: Գործադուլ չկա»:

Նկատենք, որ «Երևան Սիթի» խանութների ցանցի կայքէջում նշված հեռախոսահարներն օրվա ընթացքում արդեն անհասանելի էին: