Բաբլոյանը հորդորում է սոցցերում, հանրային վայրերում վիրավորանքներ չհնչեցնել պատգամավորների հասցեին

ԱԺ խոսնակ Արա Բաբլոյան, արխիվ

Խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ «վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»:

Բաբլոյանը հորդորում է ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը:

«Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից: Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից», - ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ հայտարարում է Արա Բաբլոյանը և հորդորում «բոլոր քաղաքացիներին և հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն և հանդուրժողականություն»:

Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: