Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Երեկ Ազգային ժողովը չկարողացավ ընտրել երկրի վարչապետ: Խորապես ցավում եմ, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է, չնայած այն բանին, որ բոլորն էլ հայտարարում են երկրի ապագայի համար դրա վտանգավորության մասին:
Մեր բոլորի ուշադրությունը սևեռված է ներգրավված քաղաքական ուժերի գործողությունների վրա: Կոչ եմ անում առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել խորհրդակցությունները ճգնաժամից ելք գտնելու ուղղությամբ, որը կծառայի մեր ընդհանուր ազգային շահերին»։
Հիշեցնենք, վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Քվեարկությունից հետո Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքում կոչ արեց առավոտից վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: