Չորս փաստաբաններ իրենց մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի մուտքը

Չորս փաստաբաններ վաղ առավոտից իրենց մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի մուտքը։ Նշենք, որ այս շենքում մի քանի նախարարություններ են տեղակայված։

Ոստիկանները փորձեցին նրանց հեռացնել մուտքի մոտից։

«Դուք անհամաչափ սահմանափակել եք մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, որն ամրագրված է Սահմանադրությամբ։ Մի խախտեք Սահմանադրությունը», - հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Փաստաբանները հակադարձեցին՝ օրենք չեն խախտում։

«Մեր գործողությունն օրինաչափ է, որովհետև բխել է ծայրահեղ անհրաժեշտությունից։ Ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտը նախատեսում է՝ եթե բնակչության իրավունքները, քո իրավունքները խախտվում են, դու դիմում ես այնպիսի քայլերի, որպեսզի դա արդարացվի։ Մենք փաստաբաններով գտնում ենք, որ մեր գործողություններն օրինաչափ են, թեպետ խախտում կար, բայց ծայրահեղ անհրաժեշտությունից բխող գործողություն է, պատասխանատվություն չի առաջացնում ո՛չ քրեական, ո՛չ վարչական», - հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ շարունակելով. - «Ոստիկանության գործողություններն՝ ուժով մեզ հեռացնելն անօրինական է, նրանք նախ պետք է արձանագրություն կազմեն»։