«Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան տանդեմը իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել»

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի իր ելույթում հայտարարեց, որ Սերժ Սարգսյան - Ռոբերտ Քոչարյան տանդեմը համաժողովրդական ալիքը կասեցնելու և կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդի և վարչապետի միակ թեկնածուի խոսքով՝ թեև Համաժողովդրական շարժումն հնարավորություն է ստեղծել է Սերժ Սարգսայնի և Հանրապետական վերնախավի արժանապատիվ հեռացման համար, սակայն այս վարքը Հանրապետականում հակված են ընկալել որպես թուլություն․ - «Հանրապետական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկն ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ և մինչև այս պահն էլ չի հայտարարել, թե քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին, չնայած հասկանում են, որ դա է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման ռելսերի վրա դնելու միակ ճանապարհը: Ընդ որում, հատուկ ուզում եմ ընդգծել, որ հասկանալով իրավիճակի նրբությունը, ելնելով սիրո և հանդուրժողականության, ազգային համախմբման և համերաշխության մեր գաղափարաբանությունից՝ մենք մեր քայլերով ստեղծել ենք բոլոր հնարավորությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռացման համար: Բայց երկար տարիներ սեփական ժողովրդին շղթաների մեջ պահած այս մարդիկ նման պահվածքը թերևս հակված են ընկալել որպես թուլություն: Երեկ երեկոյից սկսած, ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը անձամբ սկսել են ճնշումներ գործադրել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա՝ նրանց սպառնալով որևէ կերպ չքվեարկել Հայաստանի վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին: Հայտնի տանդեմը համաժողովրդական ալիք կասեցնելու և կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, կոմպրոմատները: Եվ ես ուզում եմ այս ամբիոնից շատ հստակ արձանագրել՝ պարոնայք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը: Եվ ուզում եմ շատ ուղիղ զգուշացնել, որ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի և անցանկալի հետևանքների: Սթափվեք, քանի դեռ ուշ չէ, որովհետև ձեր այդ պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ՝ բառիս ուղիղ իմաստով»:

Հայտարարելով, որ Հայաստանի ժողովրդի հաղթանակը կրկին ցանկանում են գողանալ՝ Փաշինյանը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցներ ու հրապարակներ․ - «Սիրելի հայրենակիցներ, ձեր հաղթականը կրկին ուզում են գողանալ, մի մնացեք տանը և այս պահին դուրս եկեք փողոց, եթե դա չեք արել դեռևս, և ուղղություն վերցրեք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ, հեղեղեք Երևանի ու հանրապետության մյուս քաղաքների փողոցները և հրապարակները: Այս պահին դիմում եմ նաև սփյուռքի մեր հայրենակիցներին՝ սիրելի հայրենակիցներ, ձեր հույսն ու հաղթանակը ցանկանում են գողանալ, և այս պահին որտեղ էլ լինեք, դուրս եկեք փողոց և ի ցույց դրեք ազատ և երջանիկ Հայաստան ունենալու և կառուցելու ձեր կամքը, ձեր վճռականությունը: Սա օրհասական պահ է, և երկար դարերի տառապանքի ու ավերի, ցեղասպանության ու գաղթի միջով անցած մեր ժողովուրդը այսօր չի կարող տանուլ տալ իր փառապանծ հաղթանակը, ի հզոր ապագան: Ես այս պահին դիմում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր պատգամավորներին՝ եղբայրներ և քույրեր, սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում ձեր ազատագրման ժամն է: Ձեզնից շատերի հետ մենք անընդհատ եղել են քաղաքական բարիկադների տարբեր կողմերում, սուր բանավեճերի, նույնիսկ լեզվակռիվների մեջ ենք եղել: Բայց այստեղ և հիմա չի լուծվում որևէ մեկի անձնական հարաբերությունների հարց: Այստեղ լուծվում է հազարամյա ցնցումներ ու տառապանք վերապրած հայ ժողովրդի վերածննդի ու ապագայի հարցը: Այստեղ լուծվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթական ապագայի հարցը: Եվ հայ ժողովրդի հաղթանակին ձեր նպաստը բերելու համար ձեզնից չի պահանջվում բացարձակապես ոչ մի զոհողություն: Ձեզնից պահանջվում է անել ընդամենը մի գործողություն՝ կողմ քվեարկել Հայաստանի վարչապետի ժողովրդական թեկնածուին և սրանով ի վերջո քանդել օտարվածության այն պատնեշը, որը, ցավոք սրտի, գոյություն ունի ձեր ու ժողովրդի միջև»:

Ժողովուրդը որևէ փոփոխություն չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով, որ Հայաստանի նոր կառավարությունը արտաքին քաղաքական ոլորոտում կտրուկ շրջադարձեր չի անելու: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելու դեպքում Հայաստանը կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, խորացնելու է հարաբերությունները Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի, Եվրամիության, Միացյալ Նահանգների ու Չինաստանի հետ․ - «Ժողովուրդը շարժման ընթացքում․ բազմաթիվ փոփոխություններ պահանջելով ներքին կյանքի կազմակերպման, արդարության, օրինականության, իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության բնագավառներում, որևէ փոփոխություն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականության ոլորտում: Եվ մենք, որպես ժողովրդի հլու ծառաներ, պարտավոր ենք հաշվի առնել այս ուղերձը: Մենք Ռուսաստանին համարել և համարում ենք Հայաստանի ռազմակավարական դաշնակից, և համաժողովրդական այս շարժումը հայ-ռուսական հարաբերությունների համար որևէ սպառնալիք չի ստեղծում»:

Պետք է ներգրավել սփյուռքի ներուժը պետականաշինության գործում

«Սփյուռքի հետ հարաբերությունների հիմքում չպետք է լինի միայն սփյուռքից ակնկալվող նյութական աջակցությունը, պետք է ներգրավել սփյուռքի ներուժը պետականաշինության գործում», - նշեց Փաշինյանը:

Ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, Վարչապետի թեկնածուն կենսական է համարում Ղարաբաղի ժողովրդի կողմից իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի իրացումը և ԼՂ միջազգային ճանաչումը․ - «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության գործունեության կարևորագույն ուղղություններից պետք է դառնա:

Բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ՝ սկսած վարչապետից

Ներքին խնդիրներին անդրադառնալով՝ Փաշինյանը շեշտեց, որ նոր կառավարությունը լիարժեքորեն իրագործելու է ժողովրդի համար կարևորագույն՝ արդարության և ազատության պահանջը․ - «Բոլոր մարդիկ անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ, և սա առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին: Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար»:

Վարչապետությունը ստաձնելու հաջորդ օրվանից Հայաստանում մենաշնորհները կվերացվեն, սակայն՝ ոչ թե որևէ մեկին ճնշելով ու հետապնդելով․ - «Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք: Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով, հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները անառարկելիորեն հանելով և վերացնելով»:

Փաշինյանն անդրադարձավ նաև վարկային այն հսկայական պարտավորություններին, որ կուտակվել են հատկապես գյուղացիների ուսերին: Օգտվելով մարդկանց չիմացությունից և նեղ վիճակից՝ շատ վարկային կազմակերպություններ աներևակայելի բարձր տոկոսներով վարկեր են տվել, ապա նաև տույժ տուգանքներ են գանձում: Փաշինյանը շեշտեց, որ խնդիրը պետք է լուծել անցնցում եղանակով․ - «Այս գործընթացը պետք է կազմակերպվի մտածված, անցնցում, քննարկումների և բանակցությունների ճանապարհով, փոխադարձ համաձայնության ճանապարհով: Մենք ընդհանրապես պետք է փոխենք քաղաքացու նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մինչև ոչ հեռավոր անցյալը իշխանությունները Հայաստանի քաղաքացուն մի գործառույթ էին վերապահում․ քաղաքացին նրա համար էր, որ խախտում կատարի ու տուգանվի՝ այսպիսով ապահովելով որոշ շրջանակների կայուն եկամուտները: Կործանարար այս փիլիսոփայությանը պետք է անմիջապես վերջ տրվի: Հայաստանի քաղաքացու կյանքի իմաստը ոչ թե տուգանվելն ու պատժվելն է, այլ ապրելն ու ստեղծագործելը, սեփական հայրենիքում ազատ և երջանիկ լինելը»:

Համաժողովրդական շարժումը, ըստ Փաշինյանի, ոչ միայն ունակ է կանգնեցնել արտագաղթը, այլև ներգաղթի հզոր ալիք ու հսկայական ներդրումներ ապահովել:

Նա հայտարարեց, թե Հայաստանում պետք է վերջ դրվի 30 տոկոսանոց աղքատությունը․ - «Այս գործընթացների արդյունքում Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագային ու հայրենիքից: Հայաստանում մերժվածներ ու լքվածներ չպետք է լինեն: Բայց այս իրավիճակին մենք պետք է հասնենք ոչ այնքան բարեգործական ճանապարհով, որքան մարդկանց ստեղծարար ընդունակություններն ու աշխատասիրությունը խթանելով»:

Հայաստանի խնդիրները խորացել են ընտրությունների հետևողական կեղծման հետեւանքով, և առաջին հերթին հենց ժողովրդի կամարտահայությունը պետք է վերականգնել․ - «Մեր կառավարության ամենամեծ առաքելությունը, ըստ այդմ, համարում եմ ազատ, արդար, թափանցիկ, անառարկելի ընտրությունների ինստիտուտի վերականգնումը, ինչի համար պետք է գոյություն ունենա ոչ միայն ուժեղ քաղաքական կամք, այլև օրենսդրական հստակ երաշխիքներ»:

Եզրափակելով իր ելույթը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց․ - «Հայաստանը և հայ ժողովուրդը զարթոնք են ապրում, այդ զարթոնքն անկասելի է և անշրջելի: Եվ այսօրվա քննարկումը այն մասին չէ, թե ով ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Այս քննարկումն այն մասին է, թե ով է կիսում սեփական ժողովրդի ցնծությունը, բերկրանքն ու երջանկությունը: Եվ ով է, որ իրեն չի կարող երջանիկ և լավ զգալ, քանի դեռ չի դժբախտացրել սեփական ժողովրդին: Վիճակը նետված է, ժողովուրդը հաղթանակած է, և ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքներով»: