Փաշինյան․ Որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, աներկբա է

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Ազգային ժողովում, արխիվ

«Իրապես սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, և ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում», - հայտարարեց Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ազգային ժողովում պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին:

«Որովհետև երբ որ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլև ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել», - ընդգծեց վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: «Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական, և հնարավոր է՝ նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են», - նշեց Փաշինյանը:

Նա հաստատեց, որ իր կարծիքով՝ «չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և ընդհակառակը՝ այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»:

«Մասնավորապես, ես կարծում եմ, որ այն պարագան, երբ նախագահի ինստիտուտից ըստ էության վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը: Եվ այո, ես հանձնառու եմ, էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք քննադատելով ինչ-որ երևույթներ՝ հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին սկսենք կիրառել այդ լծակները», - հայտարարեց ընդդիմադիր գործչը:

«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ մենք բավարար հարգանք ունենք մեր անցած ճանապարհի նկատմամբ, մեր ժողովրդի նկատմամբ, որպեսզի Ձեր ասած բոլոր հարցերը լուծենք: Որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն էս պահին, կառավարման համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է և բխում է մեր երկրի շահերից», - ասաց Փաշինյանը: