Վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի այսօրվա հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր։ Երեք պատգամավոր բացակա է։
Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնից «Ազատության»-ը տեղեկացրեցին, որ նիստից բացակայում են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանը, Մելիք Մանուկյանը և Հանրապետական խմբակցությունից Գրիգոր Ավալյանը։
Ըստ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնի ներկայացուցչի, երեք պատգամավորներից ոչ մեկն իրենց մոտ քվեարկության ծրար չի թողել։ Ազգային ժողովի նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կլեկչյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։
Նշենք, որ ավելի ուշ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Ազգային ժողովի նախագահը մինչև 15։00-ն քվեարկությանը վերաբերող ծրարներ չի ստացել։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Մելիք Մանուկյանը Հայաստանից բացակայում է առողջական խնդիրների պատճառով։ Ինքն անձամբ երեկ փորձել է տեղեկանք պատրաստել, որ Մելիքյանը կողմ է Փաշինյանի թեկնածությանը, սակայն իրեն Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացրել են, որ փաստաթուղթը վավեր է համարվում միայն այն դեպքում, երբ պատգամավորը գտնվում է գործուղման մեջ։
«Իշխան Զաքարյանից ես անձամբ տեղեկություն չունեմ», - ասաց Զոհրաբյանը։
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ փորձել է կապ հաստատել Իշխան Զաքարյանի հետ, սակայն «մինչև այս պահն իրեն դա չի հաջողվել»։
Հարցին, թե Զաքարյանը քվեարկության ծրար թողե՞լ է, Էնֆիաջյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։
Նշենք, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ կետի, Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը:
Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը:
Նշենք, որ կանոնակարգում նշված չէ բացակայության այլ պատճառ։