«Մենք պատրաստ ենք մեր ձայներն անշահախնդիր տալու Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Ծառուկյան

«Մենք պատրաստ ենք մեր ձայներն անշահախնդիր տալու Նիկոլ Փաշինյանին». - այսօր Ազգային ժողովում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Ազատություն». - Պարոն Ծառուկյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ձգտելու է համաձայնության կառավարության։ Դուք հանդիպել եք Փաշինյանի հետ, ապագա կառավարությունում նրա վարչապետ ընտրվելու դեպքում «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացված կլինի՞, թե՞ դուք ձեր ձայները պատրաստ եք այսօր անշահախնդիր տալ նրան։

Գագիկ Ծառուկյան - Ուրեմն մենք պատրաստ ենք մեր ձայներն անշահախնդիր տալու, որովհետև այսօր էս իրավիճակն առաջացել է այդ հիմնականում ժողովրդին չլսելու, ժողովրդին հաշվի չառնելու, ուսանողի ձայնը չլսելու պատճառով։ Ես հարգում եմ իմ ժողովրդին և ժողովրդի որոշումն ինձ համար ընդունելի է։

«Ազատություն». - Դուք չե՞ք քննարկել պորտֆելների հարցը։

Գագիկ Ծառուկյան. - Ոչ, դա մեզ սազական չէ, մենք այդպիսի խոսակցություն չենք ունեցել, մենք միայն զարգացման համար, հետագայի համար... Նիկոլ Փաշինյանն էլ, գիտեք, այնքան զբաղված է, ընտրությունից հետո նոր մենք հանդիպում կունենանք։

«Ազատության». - Հանրապետական կուսակցությունից եղե՞լ են առաջարկներ վարչապետի թեկնածու առաջադրելու։

Ծառուկյան. - Ես ասացի, որ տարբեր կուսակցություններից, տարբեր պատգամավորներից, տարբեր կառույցներից, տարբեր ոլորտներից և աշխարհագրական տարբեր կենտրոններից եղել են։ Ես հարգում եմ, իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը»։

Հիշեցնենք՝ վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրության օրը չնայած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունից հնչող հավաստիացումներին, թե միասնական քվեարկելու որոշում են կայացնելու, սակայն իշխող կոալիցիայի վարչապետի թեկնածուի օգտին կողմ քվեարկեցին խմբակցության մի շարք պատգամավորներ: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մելիք Մանուկյանը, նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը: Դեմ էին 31 հոգանոց խմբակցության ընդամենը 12 պատգամավորներ, նրանց թվում էին Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը: Գագիկ Ծառուկյանը քվեարկության չէր եկել:

Լրագրողներից մեկի հարցին, թե մտավախություն չկա՞, որ պատգամավորներից մեկը գուցե այսօր դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, Ծառուկյանը պատասխանեց. - «Էսօր կապրենք կտեսնես։ Ես նորից եմ ասում, եթե ես որոշում կայացնեի, որ իմ պատգամավորները մեր որոշումը լիարժեք դա է, մի մարդ չէր կարող պատահել, որ հակառակ քվեարկեր։ Մեզ մոտ քննարկում ենք, քվեարկում ենք, լիարժեք մի համաձայնության ենք գալիս և որոշումն ընդունելի է։ Մենք բոլորս մի ընտանիքի անդամ ենք։ Մենք քննարկում ենք, մեծամասնությունը ոնց որոշեց, այնպես էլ անում ենք»։

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը բազմիսց քննադատել է իրեն՝ նշելով, թե հարկերից է խուսափել, Ծառուկյանն այսպես արձագանքեց. - «Նիկոլ Փաշինյանի ցավը տանեմ, ասել է, ստուգել են ու բոլորդ կարող եք իմանալ, 2015 թվականին ամբողջ հարկային դաշտը՝ մասկաներով, ավտոմատներով մտնելով հյուրանոց կլիներ, ռեստորան կլիներ, տարիուկես ստուգել են ու ամենակարևորը որևիցե բան չեն կարողացել գտնել, հայտարարեցին, որ չկա։ Ծառուկյանը մաքուր է, ով ուզում է, թող գա ստուգի»։

Խորհրդարանն այսօր հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է։

Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց ապրիլի 23-ին՝ ընտրվելուց և նշանակվելուց մի քանի օր անց:

Գիշերը Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխող կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Նշենք, որ վարչապետ ընտրվելու համար «Իմ քայլը» շարժման առաջնորդին անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 105 պատգամավորներից առնվազն 53-ի քվեն։ Ազգային ժողովի «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հայտարարարել են Փաշինյանին սատարելու մասին։ Այս երեք ուժերի ձայները գումարը կազմում է 47, մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում 58 մանդատ ունի, և հետևաբար ՀՀԿ քվեներից է կախված, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորը կընտրվի վարչապետ։

Եթե, ինչպես Փաշինյանն է ահազանգում, ԱԺ մեծամասնությունը ձախողի այսօրվա ընտրությունը, ապա 7 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ։