Ուսապարկում համակարգիչս էր և քաղցրավենիք. Փաշինյան

Իր աջակիցներին երթով դեպի Հանրապետության հրապարակ առաջնորդող Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Ազատության» հարցերին:

«Ազատություն»․ - Պարոն Փաշինյան, հնարավոր է սա այս ձևաչափով մեր վերջին հարցազրույցը լինի: Դուք կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ անուն կտաք այս հեղափոխությանը: Թավշյան և խաղաղը ձևն էին, իսկ անուն մտածե՞լ եք:

Փաշինյան․ - Չէ, առանձնապես անունի անհրաժեշտություն չկա: Հենց ժողովրդական հեղափոխությունը, կարծում եմ, ճիշտ անունը կլինի:

«Ազատություն»․ - Այս մեկ ամսվա ընթացքում սոցիալական ցանցերում ամենաշատ հնչող հարցերից մեկը՝ ի՞նչ կար այդ ուսապարկի մեջ, ինչո՞ւ էիք այն միշտ կրում Ձեզ հետ:

Փաշինյան․ - Ինձ անհրաժեշտ պիտույքներն էին: Հագուստ՝ տեսել եք՝ ինչ-որ բան հանել եմ, ինչ-որ բան դրել եմ: Համակարգիչ կար, հեռախոսի հետ կապված՝ լիցքավորիչներ, լարեր, քաղցրավենիք:

«Ազատություն»․ - Մյուս հարցը՝ ինչպե՞ս էիք դիմանում այս տեմպին, ե՞րբ եք հասցրել հանգստանալ, սնվել: Ի՞նչ էիք ուտում: Գիտեք՝ հիմա մարդկանց Ձեր մասին ամեն ինչ հետաքրքրում է:

Փաշինյան․ - Այդ ամեն ինչը ուղիղ եթերում է տեղի ունեցել: Նկատի ունեմ՝ ամեն ինչին լրագրողները ականատես են եղել։ Եղել է, որ երթի մեջ էլ ենք սնվել: Չեմ կարծում, թե արտառոց ինչ-որ բան է տեղի ունեցել, որ կարող եմ հիշատակել:

«Ազատություն»․ - Եթե վաղը ընտրվեք, մտածե՞լ եք՝ առաջին հրամանագիրը ո՞րն է լինելու: Գուցե խորհրդանշական ինչ-որ բան եք մտածել:

Փաշինյան․ - Խորհրդանշական առաջին քայլը կլինի այն, որ մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ համարվի, որովհետև կառավարության նիստերը պետք է լինեն դռնբաց:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Ձեր գլխավորած առաջին նիստին մենք կկարողանա՞նք հետևել:

Փաշինյան․ - Կարծում եմ՝ այո: Եթե օրենսդրական արգելք չլինի, այսինքն անհրաժեշտ չլինի փոխել օրենքը և դրանից հետո միայն դա իրականացնել, այո, կարծում եմ խնդիր չի լինի:

«Ազատություն»․ - Չորս զավակների հայր եք, Ձեր երեխաներն ինչո՞վ են զբաղվում:

Փաշինյան․ - Մեծ աղջիկս ուսանող է, տղաս զորակոչիկ է, պատրաստվում է բանակ զորակոչվել: Փոքր աղջիկս երեք տարեկան է, ունեմ նաև 12 տարեկան աղջիկ, ով դպրոցական է:

«Ազատություն»․ - Մենք կտեսնե՞նք այդպիսի բան, որ վարչապետի տղան գնա բանակ:

Փաշինյան․ - Այո՛, միանշանակ:

«Ազատություն»․ - Դուք մեկ անգամ չէ, որ կարևորել եք Վանո Սիրադեղյանի նշանակությունը Ձեր քաղաքական կարիերայում, կյանքում: Այս սերունդը, որը այս հեղափոխության կորիզն էր, նրան չի տեսել։ Կլինի՞ այդ հնարավորությունը:

Փաշինյան․ - Գիտեք, այդ հարցերը պետք է իրավական դաշտում լուծվեն, և իրավական դաշտում կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը և բոլոր հնարավոր իրավական լուծումները կտրվեն:

«Ազատություն»․ - Դուք մտադի՞ր եք հիմքեր ստեղծել նրա վերադարձի համար, սա նկատի ունեմ:

Փաշինյան․ - Ես կարծում եմ՝ հարցը իրավական դաշտում է, և կարծում եմ, որ իրավական դաշտում պետք է լուծումներ գտնել: