Զոհրաբյան․ «Մեր դեմ խաղ չկա»-ի համակարգի ողնաշարը ջարդելու հնարավորություն է ստեղծվել

«Ծառուկյան» խմբակցությունը այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո որոշել է Հայաստանի վարչապետի ընտրություններում միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին:

«Որևէ գաղտնի բան չի քննարկվել», - հանդիպումից հետո ասաց խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: - «Ընդամենը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ապագա աշխատանքի հետ կապված: «Ծառուկյան» դաշինքը երբեք որևէ համագործակցության ժամանակ նախապայմաններ չի թելադրում: Մենք վստան ենք մի բանում, որ այս համակարգը, որ տարիներ շարունակ արմատավորվել է մեր երկրում, էս «մեր դեմ խաղ չկա»-ի համակարգը, էս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու իսկապես արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել: Եվ պիտի առանց որևէ նախապայմանների միավորել մեր բոլոր ուժերը, միավորել հանդուրժողականության մթնոլորտում, միավորել ոչ թե վհուկների որս հայտարարելով, միավորել ոչ թե դաշտը սևի և սպիտակի բաժանելով, միավորել՝ իսկապես երկիրը էս վիճակից դուրս բերելու համար»:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Զոհրաբյանն ասաց․ - «Հասկանալի է, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն: Բոլորս պիտի հասկանանք, որ արտահերթ ընտրությունը մեկ ժամում կազմակերպելու խնդիր չէ: Արտահերթ ընտրության համար մենք պետք է առաջին լրջագույն քայլը անենք՝ բարեփոխելու Ընտրական օրենսգիրքը: Դուք գիտեք, որ «Ծառուկյան» դաշինքը առաջարկել էր հանել ռեյտինգային ընտրակարգը, որը ուղղակի ապաքաղաքականացրեց ընտրությունը: «Ծառուկյան» դաշինքը առաջարկել է հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), որոնք վերաբերում են վարչական ռեսուրսի կիրառմանը, և Քրեական օրենսգրքում խիստ պատասխանատվություն ֆիքսելու: Մենք կարծում ենք, որ մայիսի 1-ից հետո սկսվելու է իրապես սևագործ աշխատանք: Մենք պիտի ընտրությունների գնանք՝ հստակ ունենալով լուրջ Ընտրական օրենսգիրք»:

«Մենք քննարկել ենք մեկ կարևոր խնդիր, որ անմիջապես պիտի սկսել պատրաստվել հաջորդ ընտրություններին», - շարունակեց պատգամավորը: - «Պատրաստվել՝ բոլոր քաղաքական ուժերով խորհրդակցելով, գնալով օրենսդրական մի շարք փոփոխությունների»: